Նիկոլայ Ծատուրյանն այլևս Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը այլևս չի ղեկավարի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Ծատուրյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն է ազատվել:

Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` Գյումրիի դրամատիկական թատրոնը կղեկավարի դերասան ու ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, իսկ ինքը կզբաղեցնի թատրոնի գեղարվեստական խորհրդատուի պաշտոնը:

«Ես շատ եմ սիրում իմ թատրոնը, և մշտապես խոսել եմ այդ մասին»,- ասաց ռեժիսորը` միաժամանակ հերքելով այն, որ իր հրաժարականը պայմանավորված է մամուլում շրջանառվող լուրերով, թե տարաձայնություններ ուներ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

2013թ. հոկտեմբերին Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին անվանել էր «սատանա»: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բարկացրել էր ռեժիսորի այս հայտարարությունը, որը մտադիր էր իր մոտ կանչել նրան և առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել:

Մեկնաբանել