Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մարտի 6-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց նա:

Վերաքննիչ քրեական դատարանը 2014թ. հունվարի 31-ին ևս երկու ամսով երկարացրել էր Վոլոդյա Ավետիսյանի կալանքը: Ազատամարտիկի կալանքը երկուական ամսով երկարացվել է հինգ անգամ:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խոշոր չափերով խարդախության մեջ և սեպտեմբերի 22-ին կալանավորվել է երկու ամսով: Նա առաջինն էր, որ 2013թ. մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրների մասին: Նրա գլխավորությամբ ազատամարտիկները նստացույցեր էին անում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում: Ազատամարտիկների պահանջների թվում էին` կոմունալ վարձերի համար զեղչեր, երեխաների ուսման վարձերի կրճատում, բուժօգնության տրամադրում և այլն:

Մեկնաբանել