Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ մարտի 6-ին կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը մարտի 4-ին ՀՀ իշխանությունների խնամքին էր հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Իջևանի բժշկական կենտրոնում անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: