Թուրք լրագրողին Թվիթերում գրառման համար ազատել են աշխատանքից

Թուրքական Akşam թերթի լրագրող Սիբել Օրալին մարտի 5-ին ազատել են աշխատանքից Թվիթերում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած գրառումների պատճառով, հաղորդում է Today’s Zaman-ը:

Մարտի 5-ի իր հայտարարության մեջ Օրալը նշել է, որ իր քննադատական գրառումները դժգոհություն են առաջացրել Akşam խորհրդի անդամների շարքում:

«Ինձ ասել են, որ հեռանամ Akşam օրաթերթից, որտեղ աշխատել եմ հունվարի 1-ից: Ինձ հանձնված ոչ պաշտոնական հայտարարության մեջ ասված էր, որ օրաթերթի խորհուրդը չի ցանկանում շարունակել աշխատել ինձ հետ, և խորհրդի անդամները համաձայնել են, որ ես հեռանամ»,- ասված է Օրալի հայտարարության մեջ:

Օրալի խոսքով՝ վերջին 12 տարում ինքն աշխատել է տարբեր օրաթերթերում և իր տեսակետները կիսել սոցիալական ցանցերում:

«Երբ աշխատում էի Taraf օրաթերթում, կարող էի ասել «ոչ» որոշ հարցերում, և ոչ ոք չէր միջամտում իմ աշխատանքին քաղաքական դիրքորոշումներիս պատճառով»,- գրել է Օրալը և պատմել, որ թողել է իր նախորդ աշխատանքը İstanbul Art News-ում, քանի որ ցանկանում էր ավելի ակտիվ լրագրողական աշխատանքի անցնել, և տեղյակ էր Akşam քաղաքական դիրքորոշումից:

«Ես ինքնուրույն՝ սկբից մինչև վերջ, ստեղծել եմ օրաթերթի Akşam Trend բաժինը, և սա փաստ է, որը որևէ մեկը չի կարող հերքել: Ես փորձաշրջանում չէի, այսպիսով՝ դրանով չի կարող հիմնավորվել ինձ աշխատանքից հեռացնելը: Ես սկսնակ լրագրող չեմ, քանի որ Taraf-ում եղել եմ արվեստի և մշակույթի բաժնի պատասխանատուն: Եղել եմ Akşam Trend-ի գլխավոր խմբագիրը, հետևաբար չեմ ընդունում «փորձաշրջանի ավարտ» ձևակերպումը՝ որպես ինձ աշխատանքից հեռացնելու հիմնավորում: Սա նաև հակասում է օրենքին»,- Dunyatimes կայքի հաղորդմամբ՝ իր հայտարարության մեջ ասել է Սիբել Օրալը:

Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ ազատվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների պատճառով: Նմանատիպ վերջին աղմկահարույց դեպքը կապված է Today’s Zaman-ի ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի հետ: Նա արտաքսվել է Թուրքիայից Թվիթերում հակակառավարական գրառումների համար:

Վերջերս հրապարակված միջազգային առաջատար կազմակերպությունների զեկույցները վկայում են, որ Թուրքիայում մամուլի ազատության ցուցիչն է՛լ ավելի է վատթարացել լրագրողների նկատմամբ ճնշումների հետևանքով:

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցում՝ «2014թ․ մամուլի ազատության ինդեքսում», 180 երկրների շարքում Թուրքիան 154-րդն է՝ ունենալով 153 վիրավոր և 39­ ազատազրկված լրագրող: Նյու Յորքում տեղակայված՝ «Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» (Committee to Protect Journalists, CPJ) միջազգային միջկառավարական կազմակերպության վերջին զեկույցում էլ ասված է, որ Թուրքիան շարունակում է մնալ համաշխարհային առաջատարը ամենաշատ ազատազրկված լրագրողների թվով:

Մեկնաբանել