Կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազ. դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազ. դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազ. դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Պարգևավճարի իրավունք ունեն զոհվածի ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում: