Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու որոշումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Խորհրդակցությանը քննարկվել է իրադրությունը Ուկրաինայում, այդ թվում՝ հաշվի առնելով Ղրիմի Գերագույն ռադայի՝ այսօր (մարտի 6) ընդունած որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մարտի 6-ին՝ ավելի վաղ, Ղրիմի Գերագույն ռադան Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին միանալու որոշում էր ընդունել։

Միաժամանակ՝ Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում՝ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն մարտի 30-ից մարտի 16 տեղափոխելու մասին։ Հանրաքվեի է դրվելու երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության էր արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Մարտի 4-ին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքել էր լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա, քանի որ առանց տարբերակիչ նշանների զինվորականները, որոնք ներկայում Ղրիմում են, նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին չեն պատկանում, այլ «տեղի ինքնապաշտպանության ուժերն են»։

Ուկրաինայի արտգործնախարարությունն ի պատասխան Ռուսաստանի նախագահին մեղադրել էր Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։

Մեկնաբանել