Գերությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ, հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելել է Մամիկոն Խոջոյանին:
«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել է հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում:
Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր: Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա:
Հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը:
Հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը մարտի 4-ին ՀՀ իշխանությունների խնամքին էր հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Իջևանի բժշկական կենտրոնում անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: