Չլսել Սաակաշվիլիին. Վրաստանի վարչապետի խորհուրդը Ուկրաինայի կառավարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի՝ Արսենի Յացենյուկի գլխավորած նոր կառավարությանը խորհուրդ է տվել ավելի քիչ լսել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհուրդները: «Ինձ տեղեկացրել են, որ Սաակաշվիլիին որպես խորհրդական են հրավիրել: Չեմ ցանկանում միջամտել Ուկրաինայի գործերին, սակայն կարծում եմ, որ Սաակաշվիլիի խորհուրդները լսելը սխալ է»,- ասել է Ղարիբաշվիլին, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Նա նշել է, որ Սաակաշվիլին այն մարդն է, որ չի կարողացել խուսափել 2008թ. պատերազմից: «Եթե Ուկրաինան նման ճգնաժամային իրավիճակում որպես խորհրդական նման արկածախնդիր մեկին է ընտրում, մտածում եմ, որ դա մեծ սխալ է և աղետալի հետևանքների կհանգեցնի»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նա Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տվել ուսումնասիրել Սաակաշվիլիի կենսագրությունը, նրա ծայրահեղական բնույթը, հարցի նկատմամբ արկածախնդրային մոտեցումը և թե ինչպես նա ժամանակին Վրաստանը հասցրեց աղետի: «Սաակաշվիլին վատ է զգում այնտեղ, որտեղ իրավիճակը կայուն է և խաղաղ, և դա բազմիցս ապացուցել է»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Սաակաշվիլին փետրվարի 23-ին Կիևի Մայդանում ելույթ էր ունեցել և իր աջակցությունը հայտնել մայդանցիներին:

Մեկնաբանել