Լարված իրավիճակ ֆիննախի մոտ. մեկնարկել է «Դ!եմ եմ»-ի ակցիան

Ֆինանսների նախարարության դիմաց մարտի 7-ին՝ ժամը 12:30-ից, մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնում նախարարության «ապօրինի գործողությունների կապակցությամբ»:

Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ` «Դեմ ենք փողերի արտագաղթին», «Մենք ենք տերը մեր աշխատավարձի»: Նրանք ծածանում են «Դ!եմ»-ի դրոշը, սուլում են` վանկարկելով «Ո´չ կողոպուտին», «Դեմ ենք», «Ամոթ»:

«Մենք թույլ չենք տալու անօրինություններ և պայքարելու ենք դրա դեմ»,- հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Ակցիայի վայրում են նաև մեծ թվով ոստիկաններ, որոնք խոչընդոտում են մասնակիցներին մոտենալ նախարարության շենքին: Ակցիայի մասնակիցները ի պատասխան ոստիկանների գործողությունների, վանկարկում են «ամոթ»: Քաղաքացիների և ոստիկանների միջև լարված իրավիճակ է, սկսվել է քաշքշուկ:

Ցուցուրարները պատրաստվում են տեսախցիկների միջոցով գտնել այն ոստիկաններին, որոնք հրել են քաղաքացիներին: «Բոլորս պայքարող զինվորներ ենք մեր հայրենիքի համար, ոչ մեկ իրավունք չունի սահմանափակելու մարդկանց տեղաշարժվելու և խաղաղ հավաք իրականացնելու իրավունքը»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ֆինանսների նախարարը իջնի և հայտարարի, որ իր գործողություններն
ադեկվատ չեն եղել: Նրանք վանկարկում են «Իջի Դավո»:

«Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ: Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում»,- ասված էր նախաձեռնության ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ:

Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ են կուտակում իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում է կատարում 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ-ը, պետությունը փոխանցում է 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կուտակում է այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ փետրվարի 10-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, փետրվարի 12-ին` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, փետրվարի 13-ին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ փետրվարի 19-ին` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները:

Մեկնաբանել