Արցախում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը` 50 հազ. դրամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցեր:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ վարչապետի մամուլի ծառայությունից, Արա Հարությունյանի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50 հազ. դրամ: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը` նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը:

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր վիճակը, նշել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ ենթակա ՊՈԱԿ-ների և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքի վարձատրության հաշվարկներ անել: Պետք է հստակեցվեն ՊՈԱԿ-ներում աշխատանքի վարձատրության չափորոշիչները: Այս հարցում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մեթոդական աջակցություն:

Հայաստանի Հանրապետությունում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45 հազ. դրամ` նախկին 35 հազ-ի փոխարեն:

Մեկնաբանել