Երկու տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ գրող, լեզվաբան, հրապարակախոս Սևան Նշանյանը Բուջայի փակ բանտից տեղափոխվել է Ալիաղայի բանտ, հաղորդում է «Ակօսը»:
Փետրվարի 26-ին մեկ ժամ տևած հարցաքննությունից հետո Նշանյանին Թորբալըի բաց բանտից տեղափոխել էին Բուջայի փակ բանտ՝ պահակներից մեկի գողության մասին Ֆեյսբուքում և իր անձնական բլոգում գրառում կատարելու համար: Բուջայի բանտում անկողին չլինելու պատճառաբանությամբ Նշանյանը քնում էր հատակին, սահմանափակված էր ջրից օգտվելու նրա հնարավորությունը:
Ալիաղայի բանտը թեև նույնպես փակ է, սակայն պայմանները համեմատաբար ավելի լավն են:
Սևան Նշանյանը Իզմիրի Շիրինջե գուղում իրեն պատկանող հողակտորի վրա շինություն կառուցելու պատճառով երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նշանյանը մինչև բանտ գնալը ՍիվիլՆեթի հետ զրույցում կանխատեսել էր, որ իրեն կազատազրկեն ոչ թե Մուհամեդ մարգարեին վիրավորելու, այլ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: Բանտից մեկ շաբաթով ազատված Նշանյանը ՍիվիլՆեթին պատմել էր իր բանտային պայմանների մասին և անգամ հույս հայտնել, որ իրեն համակարգիչ և համացանցի մատչում կտրամադրեն, սակայն դեպքերն այլ զարգացում ունեցան: