Ոստիկանապետը հանդիպում է ունեցել Աշտարակ-Ապարան մայրուղին փակած գյուղացիների հետ

Լուսանկարը` Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 7-ին հանդիպման է հրավիրել նախօրեին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին փակած յոթ գյուղերի` Ուշիի, Օհանավանի, Արտաշավանի, Կարբիի, Սաղմոսավանի, Երզնկայի և Եղվարդի գյուղացիներին և գյուղապետերին: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի ապահովման մասին հարցեր»,- ասացին ծառայությունից` հավելելով, որ հանդիպումն արդեն ավարտվել է:

Մարտի 6-ին Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Ապարան ավտոմայրուղին` պահանջելով դադարեցնել Ապարանի ջրամբարի մոտ կառուցումը:

Գյուղացիները բողոքում են, որ հէկի կառուցման պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, և իրենց այգիները կչորանան։ Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որը համոզել էր գյուղացիներին բացել ճանապարհը: Մի քանի ժամ փակ պահելուց հետո գյուղացիները համաձայնել էին բացել ճանապարհը:

Մարտի 7-ին խորհրդակցություն էր տեղի ունեցել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ, որի ընթացքում քննարկվել էին Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի և Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը: Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև ԱԺ պատգամավորներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:

Մեկնաբանել