Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը՝ Գորիի քաղաքապետի թեկնածու

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է 2004-2006թթ., հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Գորիի՝ հունիսի 15-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, հաղորդում է civil.ge-ն:

«Ես մտադիր չէի զբաղվել քաղաքականությամբ, սակայն երկրում և մասնավորապես Գորիում ստեղծված իրավիճակը ինձ հարկադրել են դիմել այդ քայլին: Քաղաքականությունը ամենաանշնորհակալ մասնագիտությունններից է, և ես մտադիր չէի վերադառնալ, սակայն հանգամանքներն են ինձ ստիպում»,- ասել է Օկրուաշվիլին:

Նրան որպես թեկնածու հնարավոր է՝ չգրանցեն, քանի որ Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիներում կարող են ընտրվել Վրաստանում առնվազն վերջին երկու տարում բնակվող քաղաքացիները, մինչդեռ Օկրուաշվիլին Վրաստանում է բնակվում 2012թ. նոյեմբերից:

Նա պնդում է, որ փոփոխությունները հատուկ են արվել, որպեսզի խոչընդոտվի նրա վերադարձը քաղաքականություն:

Օկրուաշվիլին հայտարարել է նաև, որ ընտրվելու դեպքում քաղաքում կրկին կտեղադրվի Խորհրդային Միության նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանը:

«Եթե ժողովուրդը ցանկանա, ընտրություններից, 10 օր հետո Ստալինի արձանը կվերադարձվի Գորի: Դուր է գալիս դա ինչ-որ մեկին Թբիլիսւոմ, թե` ոչ, կարևոր չէ, կա գորեցիների ցանկությունը: Գորին գորեցիների տունն է»,- ասել է Օկրուաշվիլին:

Նա ընտրվելու դեպքում մտադիր է իրականացնել նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր:

Մեկնաբանել