ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին մարտի 9-ին ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Նույն օրը նա ելույթ է ունեցել Կիևի Անկախության հրապարակում, որտեղ ընթացել է ուկրաինացի հայտնի գրող Տարաս Շևչենկոյի ծննդայն 200-ամյակին նվիրված տոնախմբություն։
ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն իր խոսքը սկսել է՝ ասելով․ «Փառք նոր և ժողովրդավարական Ուկրաինայի ժողովրդին»։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանում կան մարդիկ, որոնց համար Ուկրաինայի հետ բարեկամությունը սեփական ազատությունից կարևոր է։
Խոդորկովսկիի խոսքով՝ կա «ուրիշ Ռուսաստան»։ Նա նշել է, որ օրերս շատ մարդիկ, չնայած ձերբակալվելու վտանգին, Մոսկվայում դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ պատերազմի։
«Կան մարդիկ, որոնց համար ուկրաինացի և ռուս ժողովուրդների բարեկամությունը սեփական ազատությունից կարևոր է»,- ասել է նա։
Խոդորկովսկին հույս է հայտնել, որ Ուկրաինան ու Ռուսաստանն ունեն զարգացման միասնական եվրոպական ուղի։
Բացի այդ՝ Խոդորկովսկին նշել է, որ գիշերն այցելել է Մայդան և շփվել է մարդկանց հետ։
«Ռուսական քարոզչությունը, ինչպես միշտ, ստում է։ Այստեղ ֆաշիստներ ու նացիստներ չկան։ Ավելի ճիշտ՝ նրանք ոչ ավելի շատ են, քան Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի փողոցներում։ Այստեղ նորմալ մարդիկ են՝ ռուսներ, ուկրաինացիներ, Ղրիմի թաթարներ, իմ հասակակիցներ, աֆղանցի մարտիկներ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մարդիկ պաշտպանել են իրենց ազատությունը։
Մարտի 10-ին ՅՈԿՕՍ-ի նախկին սեփականատերը «Իրավունքներ և ազատություններ» թեմայով դասխոսությամբ հանդես է գալու Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Դասախոսությունը նշանակված է տեղի ժամանակով ժամը 12․00-ին (Երևանի ժամանակով՝ 14․00-ին)։
Միխայիլ Խոդորկովսկին ավելի քան տասը տարի անազատության մեջ լինելուց հետո ազատ է արձակվել 2013թ․ դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան ներում շնորհելու մասին հրամանագիրի։
Ազատ արձակվելուց ժամեր անց Խոդորկովսկին մեկնել էր Գերմանիա։
ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն անազատության մեջ էր 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվեր 2014թ․օգոստոսի 25-ին։
2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը գործարարին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012թ․ դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։
Խոդորկովսկիի ելույթը Կիևի Անկախության հրապարակում ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։