ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի քաղաքական մասը հնարավոր է՝ ստորագրվի մարտի 17-ին կամ 21-ին․ Կիև

Ուկրաինայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան կարծում է, որ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը հնարավոր է՝ ստորագրվի մարտի 17-ին կամ մարտի 21-ին։ Այս մասին, ինչպես հաղորդում է ուկրաիանական «Սեգոդնյա» կայքը, նա հայտարարել է «1+1» հեռուստաալիքի եթերում։

«Պարզապես անհրաժեշտ է տեխնիկապես պայմանավորվել այն օրվա շուրջ, երբ հնարավոր կլինի անել դա [ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը]։ Փաստացի դա հնարավոր է անել 17-ին [մարտ] կամ 21-ին [մարտ]»,- նշել է նա։

Եվրամիության առաջնորդների՝ Բրյուսելում մարտի 6-ին կայացած գագաթաժողովի ավարտի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը հայտարարել էր, որ ԵՄ-ն վերահաստատում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հանձնառությունը։ Նա ասել էր, որ «որպես առաջնահերթություն՝ առաջիկայում՝ նախքան Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները, կստորագրվի համաձայնագրի քաղաքական մասը»։

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։

Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցները կառավարության այս որոշմանն արձագանքեցին զանգվածային ցուցյերով։ Ավելի ուշ, սակայն, եվրաինտեգրման հարցի նշանակությունը ցույցերի շատ մասնակիցների համար նվազեց՝ զիջելով տեղը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջին։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել