Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը` ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին. այս մասին մարտի 10-ին Երևանում հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ համատեղ ասուլիսում` պատասխանելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին և նկատառմանը, որ Հայաստանի կողմից գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում։

«Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։ Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել»,- ասել է Նալբանդյանը` հավելելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են «ամենաբարձր մակարդակով` հանրապետության նախագահն է խոսել դրա մասին»:

ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի «իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևաչափում ուկրաինական ճգնաժամը, և եթե քննարկվի, ապա Հայաստանն ինչ դիրքորոշում է որդեգրելու, Նալբանդյանը պատասխանել է, որ «ընդհանրապես չի սիրում «եթե»-ներով խոսել»:

«Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել