Ռուսաստանն Ուկրաինայի հարցով հակընդդեմ առաջարկներ ունի․ Լավրով

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով հակընդդեմ առաջարկներ է պատրաստել Արևմուտքի համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 10-ին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ակտիվ կերպով ստանում ենք մեր գործընկերների առաջարկները։ Մենք ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ պատրաստել ենք մեր հակընդդեմ առաջարկները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ «առաջարկները կայանում են իրադրությունը միջազգային իրավունքի շրջանակ ներառելու մեջ՝ հաշվի առնելով առանց բացառության բոլոր ուկրաինացիների շահերը, հաշվի առնելով այդ երկրում պետական խոր ճգնաժամը»։

«Ջոն Քերին անցյալ ուրբաթ ինձ փոխանցեց փաստաթուղթ, որը մենք ձեզ զեկուցել ենք։ Դրանում մենք գտել ենք հայեցակարգ, որը մեզ այնքան էլ չի դուր չի գալիս, քանի որ ամեն բան ձևակերպված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իբրև կոնֆլիկտի առկայությանը համահունչ»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հետաձգել է իր այցը Ռուսաստան։

Մարտի 8-ի երեկոյան Ջոն Քերին հեռախոսազրույց էր ունեցել Սերգեյ Լավրովի հետ և նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի՝ Ղրիմը բռնակցելու ցանկացած փորձ կփակի դռները դիվանագիտության համար։

Մարտի 7-ին հեռախոսազրույց էր կայացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Օբաման նշել էր, որ կա իրադրությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոց։ Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունները պետք է միջազգային հանրության աջակցությամբ անցկացնեն ուղղակի բանակցություններ, միջազգային դիտորդները պետք է ապահովեն բոլոր ուկրաինացիների, այդ թվում՝ էթնիկ ռուսների իրավունքների հարգումը, ռուսական զորքերը պետք է վերադառնան իրենց բազաներ, իսկ միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կաջակցի ուկրաինացի ժողովրդին՝ պատրաստվելու մայիսի ընտրություններին։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության էր արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Մարտի 4-ին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքել է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա, քանի որ առանց տարբերակիչ նշանների զինվորականները, որոնք ներկայում Ղրիմում են, նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին չեն պատկանում, այլ «տեղի ինքնապաշտպանության ուժերն են»։

Ուկրաինայի արտգործնախարարությունն ի պատասխան Ռուսաստանի նախագահին մեղադրել է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։

Մեկնաբանել