Սիվիլիթասը իր հրատարակությունները ներկայացրեց Կապանում և Գորիսում

Սիվիլիթաս հիմնադրամը մարտի 10-ին իր վերջին երկու հրատարակությունները` «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի» տարեկան զեկույցը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նոր գիրքը, ներկայացրեց Սյունիքի մարզի երկու քաղաքներում` մարզկենտրոն Կապանում` «Օրհուս» կենտրոնում, և Գորիսում` «Միրհավ» հյուրանոցում:

Լրագրող, հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը ներկաներին պատմեց Սիվիլիթաս հիմնադրամի գործունեության և տարեկան զեկույցների մասին: Նա ասաց, որ թվով վեցերորդ զեկույցը, որը կրում է «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի», Երևանից դուրս ներկայացվելու է նաև Արցախում և հանրապետության մարզերում:

Հակոբյանը Կապանի և Գորիսի շնորհանդեսների մասնակցիներին ներկայացրեց նաև նախկին արտգործնախարար, Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի նոր գիրքը` «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»: Այս հատորը, որը հունվար ամսվա ընթացքում եղել է Հայաստանում ամենից շատ վաճառված գրքերից, նախկին արտգործնախարարի օրագիրն է:

Մարտի 11-ին Սիվիլիթասի վերջին երկու հրատարակությունները` տարեկան զեկույցը և Վարդան Օսկանյանի նոր գիրքը, կներկայացվի Արցախում` Ստեփանակերտում, իսկ մարտի 13-ին` Գյումրիում և Վանաձորում:

Մեկնաբանել