Ազգայնականության նոր ալիք հետխորհրդային տարածքում

Ժամանակակից կայսրությունների՝ վերազգային միությունների ստեղծումն ու ընդարձակումը չէր կարող չհրահրել այնպիսի հզոր գործոնի ժայթքումը, ինչպիսին ազգայնականությունն է: Վերջինս միջազգային հարաբերությունների կարևորագույն դերակատարն է եղել նախորդ երկու-երեք հարյուրամյակների ընթացքում, իր ուժը չի կորցրել նաև մեր օրերում: ԽՍՀՄ փլուզումից հետո ազգայնականությունը դե յուրե և դե ֆակտո բազմաթիվ սահմաններ փոխեց Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում: Մի շարք երկրներ, այդ թվում` մենք, դարձանք հոմոգեն, միատարր հասարակություն՝ էթնիկական ազգի հիմքի վրա կառուցելով մեր պետականությունը: Հետխորհրդային տարածքի այն երկրները, որոնք չանցան հոմոգենացման ճանապարհով, ազգայնականության բռնկման պոտենցիալ տարածքներ են: Սրանում մենք համոզվեցինք հետխորհրդային մեծ երկրներից մեկի՝ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում: Չնայած ռուսների և ուկրաինացիների սլավոնական ժողովուրդ լինելուն, ընդհանուր մշակութային և պատմական ընդհանրություններին՝ ազգայնական զգացումների հրահրման բավականին մեծ ներուժ կա Ուկրաինայում, ինչը բերում է վերջինիս մասնատմանը: Մյուս կողմից` բազմաթիվ ընդհանրություններ ունեցող ժողովուրդների մոտ կոնֆլիկտն ավելի սուր բնույթ կարող է ընդունել, քանզի առկա է հնարավորինս տարբերվելու ֆենոմենը: Կարող ենք փաստել, որ ուկրաինական դեպքերով ազգայնականության նոր ալիք է բռնկվում հետխորհրդային տարածքում, ինչի հետևանքները կարող են նոր սահմաններ առաջացնել ոչ միայն Ուկրաինայում:

Արևմտյան փորձագետները նկատում են, որ, չկարողանալով իր ազդեցության ծիրում պահել ամբողջ Ուկրաինան, Ռուսաստանը փորձում է իրեն միացնել կամ առնվազն Կիևի ազդեցությունից հանել Ուկրաինայի ռուսալեզու շրջանները: Այսպիսով` Ռուսաստանը դադարում է կայսերական նկրտումներից և գործում որպես ազգային պետություն՝ զբաղվում է ազգային հողահավաքով:

Ուկրաինական դեպքերը լուրջ ազդանշան պետք է լինեն Ղազախստանի համար, որը հետխորհրդային շրջանում զգալիորեն ավելացրել է բնակչության մեջ ղազախների տոկոսը: Բնակչության թվի մասին վիճակագրությունը սադրիչ գործոն է, սովորաբար այն կերակրում է ազգայանական տրամադրությունները: Ն. Նազարբաևը ժամանակին արդյունավետորեն զսպել է հակառուսական տրամադրություններն իր երկրում և լռեցրել պանթյուրքիստական մտավորականությանը, սակայն հետնազարբաևյան Ղազախստանը կանխատեսելն անշնորհակալ գործ է: Ուկրաինայի հետ մյուս նմանությունն այն է, որ Ղազախստանն էլ ժամանակին հրաժարվել է իր միջուկային զենքից՝ տարածքային ամբողջականության և երկրում ներդրումների խոստումների դիմաց: Ինչպես տեսնում ենք, նման պայմանավորվածություններն Ուկրաինայի դեպքում չաշխատեցին:

1990-ական թվականներին Բ. Ելցինի՝ ռուսաստանցիների քաղաքացիական ազգ ձևավորելու գործընթացն առկախվեց Վ. Պուտինի ռուսական կայսրության վերականգնման ծրագրերով, որտեղ կենտրոնում ռուս ժողովուրդն է ու հաճախ ծայրահեղականության հասնող ռուսականությունը, ինչը զգալիորեն վիրավորում ու նվաստացնում է Ռուսաստանի Դաշնության մյուս ժողովուրդներին, հատկապես նրանց, ովքեր վարչական սահմաններով ազգային միավորումներ են: Միջազգային և տնտեսական նպաստավոր պայմանների դեպքում Ուկրաինայում հրահրված ազգայնականությունը կարող է հասնել նաև Դաշնության վերոնշյալ սուբյեկտների տարածք, նամանավանդ, որ նրանք Ռուսաստանի դեմ պատերազմի ավանդույթներ ունեն:

Ազգայնականության ալիք է սպասվում նաև Հարավային Կովկասում: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը դեռևս մնում են ոչ հոմոգեն երկրներ, որտեղ կան կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններ: Եթե Վրաստանի դեպքում հնարավոր է այս ալիքից խուսափել քաղաքացիական ազգ ձևավորելու խոստումների դիմաց, ապա Ադրբեջանում գործընթացը շատ ավելի բարդ է և փոխկապակցված այլ գործոններով, ասենք, Դաղստանում տեղի ունեցող գործընթացներով: Սրան գումարած` տեղի է ունենում ձուլված համարվող ազգային փոքրամանությունների ազգային ինքնագիտակցության աճ: Ադրբեջանում ռեժիմի տապալումը, հայերի դեմ պատերազմը, տնտեսական հնարավոր դժվարություններն այն նախադրյալներն են, որ կարող են օգտակար լինել Ադրբեջանի փոքրաթիվ ժողովուրդների համար՝ ազգային զգացումները զենքով զարդարելու համար:

Ազգայնականության ակտիվացման նոր փուլ ենք թևակոխում, որից օգուտներ քաղել հնարավոր է միայն արդյունավետ պետություն (ներառյալ ուժեղ բանակ) ունենալու դեպքում: Հակառակ պարագայում պետք է ապավինենք Մոնթեի նկարագրած «անոնք մերոնցմե էշ են» ոչ այնքան հուսադրող հանգամանքին:

Մեկնաբանել