Վանի Շատախ գավառի հայկական եկեղեցին վերածվել է մարագի

Վանի նահանգի Շատախ [թուրքերն անվանում են Չաթաք – ՍիվիլՆեթ] գավառի Քոռլու գյուղում գտնվող հայկական եկեղեցին այժմ օգտագործվում է որպես մարագ, հաղորդում է թուրքական Ilhas գործակալությունը:

Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին լքվել է և տեղի բնակիչների կողմից սկսել օգտագործվել տարբեր նպատակներով: Մոտ 30 տարի առաջ Շատախի եկեղեցին որոշ ժամանակ ծառայել է նաև որպես դպրոց:

Ավելի ուշ եկեղեցին վերածվել է պահեստի. գյուղացիներն այնտեղ խոտ, աթար ու փայտ են պահում: Ներկայում տեղացիները ցանկանում են, որ եկեղեցին վերանորոգվի: Նրանք հույս ունեն, որ վերանորոգվելուց հետո եկեղեցին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների:

«Մեզ համար եկեղեցին կարևոր նշանակություն ունի, որովհետև երբ գյուղում դպրոց չկար, մենք այնտեղ էինք սովորում: Այժմ այն վերածվել է մարագի: Ցանկանում ենք, որ իշխանությունները վերանորոգեն եկեղեցին, որպեսզի այստեղ սկսեն զբոսաշրջիկներ այցելել»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:

Bugun-ը գրում է, որ Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուղը, անսալով գյուղացիների ցանկությանը, հայտարարել է, որ քայլեր կիրականացվեն եկեղեցու վերանորոգման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Աքթուղն արդեն դիմել է համապատասխան մարմիններին:

Մեկնաբանել