Կայացել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է iLur.am-ը, ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը: ՀԱԿ-ից հանդիպմանը ներկա են եղել կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Գագիկ Ծառուկյանը գոհունակություն է հայտնել հանդիպման կայացման կապակցությամբ: ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ «անհրաժեշտ է հասարակության և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա` երկրում առկա խնդիրները լուծելու համար»:

Լևոն Զուրաբյանը, իր հերթին, գոհունակություն է հայտնել հանդիպման կայացման կապակցությամբ և նշել, որ ինչպես ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը, այնպես էլ մարտի 1-ի հանրահավաքը լուրջ ազդակներ են պարունակում: Դրանց արձագանքները, ըստ Զուրաբյանի, վկայում են այն մասին, որ «հասարակությունը պատրաստ է լուրջ փոփոխությունների»:

ԲՀԿ առաջնորդը քննարկումների շարք է սկսել Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի հետ՝ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով: Անցած շաբաթ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել