Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է Շվեյցարիայի կառավարության որոշումը՝ Փերինչեքի գործն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատի վերանայմանը:
«Այս քայլով Շվեյցարիան փաստորեն իր օրենսդրությունը պաշտպանելու ճիգ է անում՝ միաժամանակ ընդառաջելով համայն հայության ակնկալիքներին: Դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ-ի որոշումը բողոքարկելով՝ Շվեյցարիան Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդրահարույց պնդումները սրբագրելու հնարավորություն է ստեղծում: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենուրեք՝ հայության տարբեր հատվածները ներկայացնող այլ կառույցների հետ, դիմել են Շվեյցարիայի իշխանություններին՝ նման որոշում կայացնելու համար»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ: Միաժամանակ` նշվում է, որ սա այն խնդիրն է, որը «պահանջում է համազգային համախոհություն և հնարավորությունների լարում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար»։
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանեց մարտի 10-ին Ստամբուլի 21-րդ Բարձր քրեական դատարանի կողմից կայացրած վճռի համաձայն՝ «Էրգենեքոնի» գործով կասկածյալ հանդիսացող թուրք ազգայնականներ Դողու Փերինչեքի և Քեմալ Քերինցսիզի ազատ արձակումը:
«Այդ երևույթները մտահոգիչ են, որովհետև Թուրքիայում ամեն ինչ կապում են քաղաքականության հետ, և արդարադատությունը լրիվ, փաստորեն, կախված է քաղաքականությունից: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այդ ազատ արձակումները զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրենքը նույնիսկ փոխեցին, որպեսզի կարողանան այդ անձանց ազատ արձակել»,- ասաց Մանոյանը:
Հարցին, թե այս զարգացումներին ինչ արձագանքներ կան Սփյուռքից, Մանոյանը պատասխանեց, որ այսօր բավական դժգոհություն կա. մտահոգիչ է փաստը, որ այս ամենով նոր մթնոլորտ է ստեղծվում հենց Թուրքիայում ապրող հայերի համար: