Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը՝ ադրբեջանցիների վրեժխնդրության մասին

Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»՝ REAL շարժման առաջնորդներից Էրկին Գադիրլին փետրվարի 26-ին Facebook-ում գրառում է կատարել Խոջալուի՝ այսպես կոչված «ցեղասպանության» մասին՝ նշելով, որ այդ հարցում «Ադրբեջանին այլևս արդարություն պետք չէ, և այդ հանցագործության գլխավոր մասնակիցները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը, պետք է սպանվեն»: Ըստ Գադիրլիի՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները դա պետք է վաղուց արած լինեին, և դա տեխնիկապես հնարավոր է:

Ադրբեջանական Meydan TV-ի կայքում «Ի պաշտպանություն Էրկին Գադիրլիի և նրա մի քանի մտորումների» վերնագրով հոդվածով հանդես է եկել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Մուրադ Հասանլին: Վերջինս իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին՝ 1994-1997 թթ. դեսպան Ռիչարդ Կոզլարիչի՝ հարցի շուրջ ֆեյսբուքյան մեկնաբանությանը, որում նախկին դեսպանը Գադիրլիի կոչը «մաքուր ահաբեկչություն» էր անվանել: Հասանլին Կոզլարիչի այս մոտեցումը ծիծաղելի էր որակել՝ նշելով, որ այն, ինչին կոչ է անում Գադիրլին, հայտնի է որպես արտադատական պատիժ, որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը՝ շարունակելով այն անպատիժ կերպով կիրառել ամբողջ աշխարհում: Կոզլարիչը պատասխան հոդվածով է հանդես եկել՝ «Ի պաշտպանություն երեխաների» վերնագրով, որը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Երբեմն Ադրբեջանի հետ կապված այնպիսի բաներ են տեղի ունենում, որ անգամ ինձ նման մարդը, որը հպարտություն է ունեցել ճանաչելու և սիրելու Ադրբեջանի ժողովրդին ու նրա մշակույթը և ջանքեր է գործադրել պահպանելու Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, գլուխ է կոտրում և զարմանում:

Լավն այն է, որ Էմին Միլին [Meydan TV-ի տնօրեն– խմբ.] և Meydan TV-ի նրա թիմը մեծ ծառայություն են մատուցում Ադրբեջանի մասին մտահոգվողներին՝ մեզ բոլորիս՝ ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ ոչ ադրբեջանցիներին: Meydan TV-ն հարթակ է առաջարկում արտահայտելու Ադրբեջանի մասին կարծիքներ, որոնք Ադրբեջանում, ցավոք, չեն կարող արտահայտվել առանց այն արտահայտողների ձերբակալության:

Էմինը այնքան քաղաքավարի էր, որ ինձ խնդրեց արձագանքել Մուրադ Հասանլիի հոդվածին՝ «Ի պաշտպանություն Էրկին Գադիրլիի մի քանի մտորումների»: Իմ պատասխանը հստակ էր։

Խնդրի հետ կապված երեք հիմնական նկատառում ունեմ.

Առաջին՝ Էրկին Գադիրլին հավանություն է տալիս հայ պաշտոնյաների սպանությանը: Դա մաքուր ահաբեկչություն է: Ես սա անընդունելի եմ համարում ցանկացած մեկի կողմից, հատկապես մեկի, որը այնպիսի քաղաքական դերակատարում ունի, ինչպիսին Էրկինինն է: Էրկին Գադիրլին պետք է հրաժարվի ահաբեկչության սատարումից:

Երկրորդ՝ այժմ ականտես ենք ադրբեջանցի ընդդիմադիր գործչի՝ հայ պաշտոնյաներին սպանության կոչի և Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի՝ պատմական Ադրբեջանի մաս լինելու պնդման համադրությունը: Հետևաբար՝ որպես նախկին դիվանագետ ես հարցնում եմ՝ ինչպե՞ս ես բանակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման շուրջ այսպիսի վրդովեցուցիչ հայտարարության դեպքում: Իսկապես:

Երրորդ. ես 20 տարի մասնագիտորեն և գիտականորեն ներգրավված եմ եղել Լեռնային Ղարաբաղի և Բալկաններում էթնիկ պատերազմների ողբերգությանը: Գալիս են ժամանակներ, երբ անհրաժեշտ է, որ մեկը ասի՝ բավակա՛ն է, որ սպանվեն ադրբեջանցիներ, հայեր, խորվաթներ, սերբեր, բոսնիացներ, ալբանացիներ… Հերիք է: Վրեժխնդրությունը և պատմական սխալների ուղղումը ևս մեկ կյանքը չարժեն: Խաղաղության և հաշտության ժամանակն է:

Միգուցե ժամանակն է, որ Հարավային Կովկասում և Բալակններում սրանով զբաղվեն երեխաները, որովհետև մեծերը ամեն ինչ ավելի վատ են անում:

Մեկնաբանել