Դատարանում քննվեց Վահե Ավետյանի ընտանիքին բարոյական փոխհատուցում տրամադրելու հայցը

Լուսանկարում` «Հարսնաքարի» դատական նիստերից մեկը: 2013թ. հոկտեմբեր

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մարտի 12-ին շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատական նիստը մեկնարկեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանի փոփոխությամբ. այսուհետ դատարանում նրա շահերը կներկայացնի ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:

Նախորդ դատավարության ժամանակ տուժող կողմի պաշտպան Տիգրան Եգորյանը հանդես էր եկել քաղաքացիական հայցով` Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և մյուս տուժողների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի համար պահանջելով 297 միլիոն դրամ (մոտ 720 հազ. դոլար):

Քաղհայցը մարտի 12-ի նիստում քննվեց կողմերի միջև: Մեղադրվող կողմի պաշտպանները նշեցին, որ բարոյական փոխհատուցումը սահմանված չէ օրենսգրքով, բացի այդ` քաղհայցում որպես պատասխանատու նշված է վկա [«Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը], ինչպես նաև իրավաբանական անձ [«Դավիթ» ՍՊԸ-ն], ինչը, ըստ նրանց, անընդունելի է: Նրանք նաև անհիմն են համարում Վահե Ավետյանի զավակներին պատճառված վնասների համար սահմանված փոխհատուցման տարիքը` մինչև 23:

Տիգրան Եգորյանն այս փաստարկներին պատասխանեց` նշելով, որ Սահմանադրական դատարանը ճանաչում է «բարոյական փոխհատուցում» երևույթը, ինչը բավարար հիմք է` նման պահանջով հանդես գալու համար: Իրավաբանական անձին` «Դավիթ» ՍՊԸ-ին պատասխանատվության ենթարկելով մասով էլ Եգորյանը փաստարկեց, որ դեպքի պահին մեղադրյալներից մի քանիսը հանդես են եկել որպես այդ ընկերության աշխատակիցներ: Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցչի հաջորդ փաստարկի համաձայն` նրանք պետք է փոխհատուցում ստանան մինչև 18-ը, իսկ հետո կարող է քննարկվել մինչև 23 տարեկանի հարցը` հաշվի առնելով նրանց հետագա ուսումնառության ընթացքը:

Ամբաստանյալներին վերջին խոսքի իրավունք տրվեց: Նրանցից շատերը նշեցին, որ տուժող կողմի ցուցմունքները «սուտ» են, և իրենց մեղքի բավարար ապացույցներ չեն բերվել: Գարիկ Մարգարյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ընդունել քաղհայցը` միայն Գարիկ Մարգարյանի պատճառած վնասի մասով:

Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 24-ին:

«Հարսնաքարի» գործով մեղադրվում են ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Ըստ մեղադրանքի` նրանք ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Մեկնաբանել