ԵՄ-ի հետ համագործակցությունում առաջնային կլինի մասնավոր հատվածի զարգացումը

Առաջիկա շրջանում Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցությունում ավելի շեշտադրված և առաջնային կլինեն մասնավոր հատվածի զարգացումը, գյուղատնտեսության և արդարադատության ոլորտները: Այս մասին մարտի 12-ին «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանություն և գործընկերության գործիքի ներկայացում» համաժողովի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Համաժողովին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան:

«Ինչպես նախկինում, ներկայում նույնպես Եվրամիության հետ համագործակցությունն ունի շատ կարևոր և առաջնային նշանակություն Հայաստանի համար: Այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք գտնել այն ճանապարհները, որոնք ՀՀ-ԵՄ ընդհանուր գործակցությունն ավելի բարձր մակարդակի են հասցնում»,- ասաց փոխնախարարը:

Մելքոնյանի խոսքով` ամենատարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն էական դեր են ունենում պետական կառույցների գործունեության զարգացման և մասնագիտական զարգացման հարցում:

Համաժողովի ժամանակ ներկայացվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) կիրառման մեխանիզմները` «Թվինինգ», «Թայեքս», «Սիգմա» և այլ ծրագրերի ներկայիս վիճակը Հայաստանում և հետագա անելիքները:

«Կցանկանայի նշել երկու ծրագրերի մասին, որոնք արդեն իսկ պայմանագրերի մշակման փոլում են` կրթության և գիտության ու ֆինանսների նախարարությունների մասով` հանրային ֆինանսների կառավարում թեմայով»,- ասաց Մելքոնյանը:

Փոխնախարարը նշեց, որ այսուհետ, ի տարբերություն նախորդ ժամանակների, կլինեն նոր շեշտադրումներ` ծրագրերի իրականացման, ընտրության, հատկապես ոլորտների ընտրության առումով:

«Դա ինչ որ առումով կապված է նաև Մաքսային միության հետ մեր ընթացիկ գործունեության հետ: Կան ոլորտներ, որոնք հետագա փուլերում կլինեն ավելի առաջնային Եվրոպական Միության հետ համագործակցության ժամանակ»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարի խոսքով` ներկայում քննարկվում են Եվրոպական Միության կողմից Հայաստանին ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակները, իսկ 2014թ. աջակցության փաթեթը ձևավորման փուլում է:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել