Ինքնորոշման իրավաչափությունը. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Ինքնորոշման իրավաչափությունը» վերնագրով հոդված է հրապարակել, որում մասնավորապես անդրադառնում է Ղրիմում մարտի 16-ին նշանակված հանրաքվեին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Բավական բարդ և միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական և հեռակա հետևանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման և փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ և տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:

Այս բոլոր գործընթացները խորապես փոխկապակցված են իրար իբրև քաղաքական տրամաբանություն ու մեկնաբանություն և իբրև աշխարհաքաղաքական ուժերի կողմից իրականացվող քաղաքականության տարբեր շղթաներ, երբեմն շաղկապված, երբեմն հակոտնյա կարգով իրար հակակշռող:

Մարտի 16-ը սարերի հետևում չէ: Աշխարհը ականատես պիտի դառնա ինքնորոշվող Ղրիմի, որ իր խորհրդարանի միաձայն որոշմանն ընդառաջ պիտի քվեարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշմանը: Այստեղ է ճիշտ, որ աշխարհի ուշադրության կիզակետին հայտնված Ղրիմը պիտի շարունակի իր վրա պահված պահել հայկական լուսարձակները ակնդետ հետևելու ինքնորոշվող տարածքի առաջադրած կարգավիճակին միջազգային ընտանիքի կողմից (ան)ընդունելիության տարբեր հակազդեցությունների և հանգրվանների վրա:

Միջազգային ընտանիքի ընկալելիության նախադեպայնությունը՝ Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և դեպի այդ առաջադրանքին ընդառաջ Շոտլանդիայի պարագաներին, էլ ավելի են համոզում ոչ թե միջազգային սկզբունքի համատարած և պարտադիր կիրառելիության մասին, այլ շահերի համընկման և բախման կետերին, ճիշտ պահին տրված և ընդունված որոշումների մասին: Ճանաչում ճանաչման դիմաց քայլը լավագույնս բնորոշում է Աբխազիան և Հարավային Օսիան ընդդեմ Կոսովոյի քաղաքական մրցախաղը:

Ինքնորոշման իրավունքն այժմ ազգերի իրավունքի տեսքով խորքում քաղաքական տվյալ պահի օգտագործվող խաղաթուղթ է: Ղրիմի խորհրդարանը Գորբաչովից մինչև Պուտինի երկրորդ պաշտոնավարություն պիտի չսպասեր ինքնորոշվելու համար: Այստեղ անշուշտ հարցը ոչ թե անկախացման կամ միացման առաջադրանքին է վերաբերում, այլ ուղղակի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը:

Եվ, որովհետև քաղաքական պահը օգտագործելու միջազգային փորձի և օրինաչափության մասին է խոսքը, փորձենք կենտրոնանալ հայկական կողմի համար օգտագործելի թեմայի վրա:

Փորձ կկատարվի արցախյան հիմնախնդրի ուղղությամբ անվերջ բանակցային գործընթացի միջազգային երկու սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը համատեղելու: Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը ստանձնած համանախագահներից և ոչ մեկը մինչև հիմա մի սկզբունքը մյուսից չի փորձել գերադասել:

Այս զգուշավորությունը միայն համանախագահների մոտ չէր նկատվել: Ղրիմի հարցով շահագրգռված և տեղի թաթար ազգաբնակչությանը տիրություն անելու կարգախոսով ազդեցության գոտի գրավելու հստակ քաղաքականությամբ հանդես եկող Անկարան նույնիսկ Բաքվի հաշվարկը կատարելով չի բարձրաձայնում Ղրիմի ինքնորոշման մասին:

Ճիշտ է, որ համաարևմտյան համազարկ է տրված Մոսկվան մեկուսացնելու նպատակով: Նույնքան ճիշտ է, որ Մոսկվայի (և ոչ միայն Մոսկվայի) համար միջազգային որևէ սկզբունք նպատակահարմար պահի օգտագործելի խաղաթուղթ է: Միաժամանակ ճիշտ է նաև այն, որ առաջին անգամ լինելով արցախյան հակամարտության միջնորդությունը ստանձնած համանախագահող մի երկրի բարձրագույն ղեկավարը ինքնորոշման իրավունքը նկատում է համահունչ և իրավաչափ միջազգային օրենքի նկատմամբ:

Եռանախագահող երկրներից մյուս երկուսը իրենց մոտեցումները համապատասխանեցնելու խնդիր ունեն այս ձևով: Թեև յուրաքանչյուր պարագա անշուշտ ունի իր առանձնահատկությունները: Նախ այն առումով, որ իսկապես արցախյան ինքնորոշումը անխոցելի է թե՛միջազգային իրավունքի տեսանկյունից և թե՛ ժամանակին Խորհրդային Միության օրենքների առումով: Ղրիմը այս դեպքում ունի իր խոցելի կողմերը նախապես կնքված համաձայնագրերի և Ուկրաինայի սահմանադրության պահանջների տեսանկյունից:

Այս բոլորով հանդերձ, թե՛ Ղրիմի և Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության հարցը և թե՛ ընդհանրապես Արևմուտք-Ռուսաստան բախումներին չներքաշվելու մոտեցումը հանգեցրել են պաշտոնական Երևանի զգուշավոր կեցվածքին:

Մեկնաբանել