Բելառուսը Ուկրաինայի հետ համագործակցությունը չի դադարեցրել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշումը Ուկրաինայի դեպքերի վերաբեյալ մնում է անփոփոխ․ Բելառուսը չի դադարեցրել Ուկրաինայի հետ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, և պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել այդ երկրին։ Այս մասին ասված է Բելառուսի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Մենք մատակարարել և մատակարարում ենք այնտեղ էներգառեսուրսներ, այնքան, որքան անհրաժեշտ է Ուկրաինային, սննդամթերք և այլ ապրանքներ։ Մի խոսքով՝ մենք բաց ենք այս դժվարին պահին ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար, այդ թվում՝ մարդասիրական մասով»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ այսպիսի դիրքորոշումը համապատասխանում է երկրի ազգային շահերին և չի համակարգվում Մոսկվայի կողմից, որի հետ Մինսկը կապված է դաշնակցային պարտավորություններով։

Նա նշել է, որ իր վրա որևէ մեկը ճնշում չի գործադրում և երբեք էլ չի գործադրել։

Լուկաշենոկն Ուկրաինայի նոր իշխանություններին խորհուրդ է տվել ավելի շատ ուշադրություն հատկացնել ոչ թե արևմտյան գործընկերների հետ բանակցություններին, այլ երկրում ներքին խնդիրների լուծմանը։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կատարվածը համարում է հակասահմանադրական հեղաշրջում և իշխանության զինված զավթում։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանը մասամբ օրինական է, իսկ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ոչ։ Նրա խոսքով՝ իրավաբանորեն կա միայն մեկ օրինական նախագահ՝ Յանուկովիչը։

Մեկնաբանել