2 զոհ և 22 վիրավոր. Ստամբուլում տեղի ունեցավ Գեզիի վերջին զոհի հուղարկավորությունը

Մարտի 11-ին և 12-ին Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի նշան 15-ամյա Բերքին Էլվանի մահվան դեմ բողոքի: Գեզի զբոսայգու շուրջ սկսված ցույցերի վերջին զոհ Էլվանը 2013-ի հունիսի 16-ին դուրս էր եկել հաց գնելու և Ստամբուլի Օքմեյդանի թաղամասում ներքաշվել ցույցի մեջ: Արցունքաբեր գազի կանիստրով հարվածից ընկնելով կոմայի մեջ՝ Բերքինը կյանքի համար պայքարել է 269 օր: Տղայի մահվան մասին Թվիթերում հայտարարել է նրա ընտանիքը: Մի քանի ոստիկան հարցաքննվել են Բերքինի մահվան կապակցությամբ, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթակվել:

Մարտի 12-ին Բերքին Էլվանի՝ Ֆեներքյոյ գերեզմանոցում տեղի ունեցած թաղման արարողությանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք պահանջում էին վարչապետ Էրդողանի հրաժարականը: Անկարայում և Ստամբուլում փողոց դուրս եկած բազմահազար ցուցարարների դեմ Թուրքիայի ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ի երեկոյան Ստամբուլի մերձակայքում սպանվել է մեկ ցուցարար, վիրավորվել՝ 22-ը: Ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է երկուսի, երբ ավելի ուշ Թուրքիայի արևելքում սրտի կաթվածից մահացել է մեկ ոստիկան:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Բերքին Էլվանի մահը, տեղի ունեցած ողբերգությանը, Today’s Zaman-ի հաղորդմամբ, մոտեցել է տնտեսական տեսանկյունից՝ ասելով, որ «առավոտյան բորսային շուկան տուժել էր, սակայն ավելի ուշ վերականգնվել»: Ինչ վերաբերում է տղայի մահվանը, ապա «Թուրքիան հաղթահարում է նման միջադեպերը»:

Բերքին Էլվանի մահը լուսաբանելու համար կառավարամետ Türkiye օրաթերթի աշխատակից Բալչիչեք Իլթերն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թերթի առաջին էջին տեղ գտած հրապարակման մեջ ասված էր, որ Էլվանի մահն ընդամենը արդարացում է «փողոցներում ահաբեկչություն իրականացնելու համար»: Իլթերն աշխատանքից հեռացել է ի նշան բողոքի և որպես հրաժեշտ՝ հոդված է գրել օրաթերթի ընթերցողների համար: Այդուհանդերձ՝ Türkiye-ի խմբագրությունը չի հրատարակել նրա վերջին սյունակը:

«Եթե մենք չենք կարող նույնիսկ կիսել մեր ցավը և չենք կարող ձեռք ձեռքի սգալ երեխայի մահը, դա շատ ծանր է, ընկերներ»,- գրել է Իլթերն իր վերջին չհրատարակված սյունակում, որը հրապարակել են մի շարք կայքեր:

Ի նշան 15-ամյա Բերքին Էլվանի մահվան դեմ բողոքի՝ մարտի 11-ին և 12-ին շուրջ 14 մլն թվիթ է արվել: #BerkinElvanÖlümsüzdür (#BerkinElvanIsImmortal) հեշթեգով մոտ 11.9 մլն թվիթ է արվել, որոնց մոտ 57%-ը ռեթվիթ է արվել մյուսների կողմից:

Բերքին Էլվանի մահվան դեմ բողոքի ցույցերի մասին՝ ՍիվիլՆեթի տեսանյութում:

Մեկնաբանել