Ուկրաինայի խորհրդարանը մարտի 13-ին ընդունել է որոշումներ՝ «Գերագույն ռադայի՝ Միավորված ազգերի կազմակերպությանը դիմելու մասին» և «Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ինտեգրման հաստատման և այդ ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների մասին»։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։
Առաջին հայտարարությունում նշված է, որ չնայած Ուկրաինայի պետական իշխանությունների մարմինների և նրա զինված ուժերի գործողությունների զսպվածությանն ու չափավորությանը, կոնֆլիկտի խաղաղ լուծման բոլոր փորձերին՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում իրադրությունը կտրուկ վատթարանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Սևծովյան նավատորմի գործողությունների ակտիվացման արդյունքում»։
«Փաստացի խոսքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի չհրահրված գործողության և նրա՝ սուվերեն պետության տարածքի մի մասի բռնակցման փորձի մասին է»,- ասված է դիմումում։
Ուկրաինան ՄԱԿ-ին կոչ է անում անմիջապես դիտարկել Ղրիմում ստեղծված իրադրությունը՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից նրա նկատմամբ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ։
Գերագույն ռադան հայտարարում է, որ համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի՝ Ուկրաինան իրեն վերապահում է իրավունք՝ անհրաժեշտության դեպքում օգնության դիմելու ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր սուվերենության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության վերականգնման նպատակով։
«Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ինտեգրման հաստատման և այդ ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների մասին» որոշմամբ խորհրդարանը Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին առաջարկում է ԵՄ-ին կոչ անել «անհապաղ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ազդեցության առկա բոլոր լծակները՝ պայմանավորված ընդդեմ խաղաղության, Ուկրաինայի սուվերենության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններով»։
Նաև առաջարկվում է վարչապետ Արսենի Յացենյուկին լիազորել հնարավորինս արագ Ուկրաինայի անունից ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Մարտի 12-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կստորագրի հաջորդ շաբաթ կամ առաջիկա տասը օրերին։ Յացենյուկն ասել էր նաև՝ ցանկանում է հստակեցնել, որ Ուկրաինան Արևմուտքի մաս է ու կլինի այդպիսին, և ռուսաստանցի գործընկերները պետք է հասկանան, որ Կիևը պատրաստ է հարաբերությունների նոր տիպի, երբ Ուկրաինան Եվրամիության մաս է, բայց և Ռուսաստանի լավ բարեկամն է ու գործընկերը։
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։
Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցները կառավարության այս որոշմանն արձագանքեցին զանգվածային ցուցյերով։ Ավելի ուշ, սակայն, եվրաինտեգրման հարցի նշանակությունը ցույցերի շատ մասնակիցների համար նվազեց՝ զիջելով տեղը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջին։
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կատարվածը համարում է հակասահմանադրական հեղաշրջում։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանը մասամբ օրինական է, իսկ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ոչ։ Նրա խոսքով՝ իրավաբանորեն կա միայն մեկ օրինական նախագահ՝ Յանուկովիչը։
Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։
Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքում է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա։
Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նշելով, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։