Իշխանի եկեղեցի, կառուցվել է 7-րդ դարում Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու կողմից
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում է ընդունել գումար հատկացնել երկրի տարբեր մասերում գտնվող տասնյակից ավելի եկեղեցիների վերանորոգման համար: Այս մասին հաղորդում է թուրքական իշխանամետ Sabah թերթը, որը ողջունում է կառավարության այս որոշումը:
Sabah-ը գրում է, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նպատակ ունի ավելացնել զբոսաշրջիկների թիվը: Նախարարությունը, վերանորոգելով քրիստոնյաների եկեղեցիները, ձգտում է խթանել կրոնական տուրիզմի զարգացումը, ինչը հնարավորություն կտա մեծ եկամուտներ ապահովել, գրում է Sabah-ը: Մի շարք կայքեր Թուրքիայի կառավարության ծրագիրը մեկնաբանում են բացառապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Արդեն հայտնի են այն եկեղեցիները, որոնք պետական միջոցներով նախատեսվում է վերանորոգել 2014թ.: Դրանց թվում են՝ Իզմիրի Ազիզ Հելիան, Ադանայի Շարք Քըրըքը, Դեմրեի Սբ Նիկողայոսը, Օշկվանքը [հայ-քաղկեդոնական եկեղեցի, կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուրոպաղատների կողմից 963-973թթ. – ՍիվիլՆեթ], Իշխանի վանքը [հայ-քաղկեդոնական եկեղեցի, կառուցվել է 7-րդ դարում Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու կողմից – ՍիվիլՆեթ], Նևշեհիրի Էրքեքլեր, Քըզլար, Էլամլը-Թոքալը վանքերը, Օրդուում գտնվող Յասոնի եկեղեցին, Նիղդեում գտնվող եկեղեցին:
Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որը վերանորոգման ցանկում ընդգրկված են հիմնականում հունական եկեղեցիները: Բացի այդ՝ վերոնշյալ եկեղեցիները գտնվում են համեմատաբար բարվոք վիճակում, իսկ Թուրքիայում կան տասնյակ հայկական եկեղեցիներ, որոնք փլուզման եզրին են:
Օշկվանքի և Իշխանի եկեղեցիները գտնվում են ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, որը համընկնում է պատմական Տայք նահանգի տարածքի մի մասի հետ: Վրաստանը փորձում է որպես վրացական մշակութային ժառանգություն ներկայացնել Օշկվանքի և Իշխանի եկեղեցիները: Բանն այն է, որ այդ եկեղեցիները կառուցվել են քաղկեդոնական (երկաբնակ) հայերի կողմից, որոնք դավանակից են վրացիներին:
Թուրքիայում նույնպես այդ եկեղեցիները ներկայացվում են որպես վրացական: Ավելին՝ թուրքական մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ այդ եկեղեցիները գրանցվել են որպես վրացական պատմամշակութային ժառանգության մաս:
Մյուս կողմից վերջին շրջանում Թուրքիայում ակտիվորեն խոսում են Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: