Պատրիարքի հարցը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի հայերի շրջանում. Օրհան Քեմալ Ջենգիզ

Գրող Օրհան Քեմալ Ջենգիզը Al-Monitor կայքում «Պատրիարքի հարցը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի հայերի շրջանում» վերնագրով հոդվածում մեկնաբանում է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված լարված իրադրությունն ու համայնքի ներսում առկա երկպառակությունը: Ջենգիզը վստահ է՝ ստեղծված ճգնաժամը ցույց է տալիս, որ պետությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ փոքրամասնությունների ներքին կյանքին միջամտելու համար և վկայում թուրքական պետության՝ փոքրամասնությունների հանդեպ վարած թշնամական և մանիպուլյացիայի անփոփոխ քաղաքականության մասին: Ջենգիզի հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

Թուրքիայի հայկական համայնքը անհամբեր սպասում է Թուրքիայի պետական խորհրդում՝ պետական բարձրագույն վարչական դատարանում, դատավարության արդյունքներին, որոնք հնարավոր է՝ մեծապես ազդեն նրա վրա, թե ինչպես ապագայում կգործի Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը: Իրավական պայքարը վերաբերում է նրան, թե ում կողմից պետք է ընտրվի Հայոց պատրիարքը՝ հոգևորականների փոքր խմբի՞, թե՞ համայնքի կողմից:

Խնդրահարույց հարցի պատճառով հայկական համայնքի մի հատվածն առճակատման մեջ է ներքին գործերի նախարարության ու համայնքի մյուս անդամների հետ: Այն նաև բացահայտել է այն լուրջ ճեղքվածքը, որը լույս է սփռում Թուրքիայում հայկական փոքրամասնության իրականության և պատրիարքարանը վերահսկելու հարցում կառավարության ռազմավարության վրա:

Ստամբուլի Հայոց պատրիարքարանը 553-ամյա կառույց է, որը հոգևոր իշխանություն ունի 42 եկեղեցու նկատմամբ: Պատրիարքները երկար ժամանակ ընտրվել են համայնքի կողմից:

Պատրիարքարանը վերահսկելու թուրքական պետության ջանքերն ավելի պարբերական դարձան 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո: 1961թ. նախարարների խորհուրդը մի որոշում ընդունեց, որի համաձայն՝ պատրիարքի ընտրությունները պետք է անցկացվեին այն օրը և այն վայրում, որը կընտրեր Ստամբուլի նահանգապետարանը:

Դրանից հետո յուրաքանչյուր կառավարություն տարբեր մեթոդներով փորձել է վերահսկել այդ ընտրությունները:

2007թ. տեղի ունեցած ողբերգական միջադեպը ճանապարհ հարթեց, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրականացնի հայկական ընտրություններին երբևէ ամենակոպիտ միջամտությունը: Այդ տարի Ն.Ա.Տ. Մեսրոպ Ս. Պատրիարքը, որն ընտրվել էր 1998թ., հիվանդացավ: Նրա հիշողությունն ու մտավոր ունակությունները մեծապես վնասված էին, և նա չէր կարող կատարել իր պարտականությունները: Մեսրոպի անաշխատունակության պայմաններում իրադրությունից դուրս գալու հարցի շուրջ պատրիարքարանում երկու հակադիր տեսակետ ծագեց: Փոխզիջում փնտրելու փոխարեն երկու կողմերն իրենց հայցերը ներկայացրին ներքին գործերի նախարարություն:

Թաղականների խորհուրդը, որը համարվում է պատրիարքարանի «քաղաքացիական թևը», խնդրեց տալ նոր պատրիարքի ընտրության թույլտվություն: Հոգևոր խորհուրդը՝ հոգևորականների մի խումբ, նախարարությանը խնդրեց հավանություն տալ «աթոռակից պատրիարքի» ընտրությանը: Նախարարության որոշումն անսպասելի էր երկու կողմերի համար էլ: Որոշման համաձայն՝ քանի որ գործող պատրիարքը դեռ կենդանի էր, չէր կարող ընտրվել ո՛չ նոր պատրիարք, ոչ էլ՝ «աթոռակից պատրիարք»: Փոխարենը՝ պետք է ընտրվեր պատրիարքի տեղապահ: Այսպիսով՝ ստեղծվեց «պատրիարքական փոխանորդ» պաշտոնը, որն աննախադեպ էր հայ եկեղեցու պատմության և ավանդույթների տեսանկյունից:

Հաշվի առնելով ներքին գործերի նախարարության որոշումը՝ Հոգևոր խորհուրդը 2010թ. հուլիսին ընտրեց իր ղեկավարին՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ: Դեպքերի նման ընթացքը հանգեցրեց լուրջ երկպառակության և սրեց լարվածությունը հայկական համայնքի ներսում:

Ներքին գործերի նախարարությանը ներկայացված երկու դիմումները միտված էին այնպիսի ընտրական գործընթացի կազմակերպմանը (նոր պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի), որում համայնքի բոլոր անդամները պետք է քվեարկեին: Փոխարենը՝ հոգևորականների մի փոքր խումբ ընտրեց պատրիարքական փոխանորդի:

Հայերի համար ներքին գործերի նախարարության միջամտությունն անարդար էր և հակասող իրենց ավանդույթներին: Նրանք արձագանքեցին նախ՝ ստորագրահավաքի կազմակերպմամբ: Մարդիկ, որոնք կարծում էին, որ պատրիարքը պետք է ընտրվի ամբողջ համայնքի կողմից, հավաքեցին 5,350 ստորագրություն և 2010թ. ներկայացրին նախարարությանը, սակայն ապարդյուն: Ապա՝ դատական հայց ներկայացրին վարչական դատարան՝ ձգտելով չեղյալ հայտարարել ներքին գործերի նախարարության որոշումը: Համայնքի իրավաբանները պնդում էին, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին նշանակելով որպես պատրիարքական փոխանորդ՝ նախարարությունը միջամտել է հայկական համայնքի ներքին գործերին և խախտել պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը: Սա է այն գործը, որը ներկայում քննում է Թուրքիայի պետական խորհուրդը:

Ներհամայնքային երկպառակության լարվածության աստիճանը երևում է բառապաշարից, որը «Ակօս» հայկական հեղինակավոր շաբաթաթերթը օգտագործում է Աթեշյանի մասին խոսելիս: Մեկ վերնագրում, օրինակ, պարբերականն Աթեշյանին ընդգծված անվանում է «արքեպիսկոպոս» ցույց տալու համար, որ չի ճանաչում նրան որպես գործող պատրիարք: Հոդվածում ապա ընդգծվում է թերթի մերժողական դիրքորոշումը. ««Ժամանակ» թերթի հետ զրույցում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը կրկին հակասական դիտարկումներ է արել: Նրա մեկնաբանությունները տարբեր հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ կենտրոնական քաղաքացիական կառավարման հանդեպ նրա հավակնությունները, ապօրինությունները հիմնադրամի ընտրություններում կամ տունը, որ գնել է Բոդրումում [հանգստավայր], ինչպես նաև պատրիարքարանի ֆինանսական հաշիվները, Աթեշյանի կեղծավոր վերաբերմունքի վերջին օրինակներն են»:

Taraf թերթը նույնպես գրել է Աթեշյանի հանդեպ համայնքի ունեցած մերժողական վերաբերմունքի մասին: Փետրվարի 15-ի «Պատրիարքի ընտրության ճգնաժամ» վերնագրով հոդվածում մեջբերում է Սեպուհ Ասլանգիլին՝ Թուրքիայի պետական խորհրդում գործը քննող իրավաբաններից մեկին. «Ներքին գործերի նախարարությունը մեզ կարգադրեց, որ ընդունենք տեղակալ ունենալու լուծումը, պատրիարքարանն էլ իր հերթին հաշտվեց այս որոշման հետ: Աթեշյանը սխալվեց, որ չընդդիմացավ տեղապահի ընտրությանը, մի բան, որ մեր ավանդույթին հակասում է, և ընտրվեց այդ պաշտոնին»:

Այսպիսով՝ ընտրված պատրիարքի ողբերգական հիվանդությունը, հետագայում հայկական համայնքի՝ փոխզիջում գտնելու հարցում ձախողումը և նրա որոշումը դիմել պետության միջնորդությանը (ի հավելումն նրա, որ կառավարությունը յուրաքանչյուր իրավիճակ դիտարկում է որպես պատրիարքարանը վերահսկելու ոսկե հնարավորություն) միասին հանգեցրին սուր ճգնաժամի, որը կարող է տարիներ տևել:

Ճգնաժամը վկայում է ոչ միայն պետության հետ հայկական համայնքի ունեցած բարդ հարաբերությունների, այլև թուրքական պետության, չնայած կառավարությունների փոփոխությանը, փոքրամասնությունների հանդեպ վարած միջամտության ու մանիպուլյացիայի անփոփոխ քաղաքականության մասին: Պետությունը դիմում է դասական «բաժանիր, որ տիրես» մարտավարությանը, որը ոտնահարում է կրոնական ազատությունն ու չի ծառայում ո՛չ հայկական համայնքին, ո՛չ թուրքական ժողովրդավարությանը: Թուրքական պետության թշնամանքը փոքրամասնությունների նկատմամբ շահեկան չէ ո՛չ իր, ո՛չ էլ համայնքի համար:

Մեկնաբանել