Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2013թ. հունվարին այցելել է Թուրքիայի Իմրալը կղզում գտնվող համանուն բանտը, հանդիպել կալանավորների, այդ թվում՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Այցի արդյունքներով կոմիտեն 2014թ. մարտին հրապարակել է զեկույց, որի հեղինակները, մասնավորապես, կոչ են անում Թուրքիային վերացնել Օջալանի՝ փաստաբանների հետ հանդիպելու խոչընդոտները:
Կոմիտեի անդամները հանդիպումներ են ունեցել բոլոր վեց բանտարկյալների, այդ թվում՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, խոսել բժիշկների և կալանավայրի աշխատակիցների հետ, ուսումնասիրել կալանավորների առողջական վիճակին և բանտային պայմաններին առնչվող տվյալները: Հունվարյան այցի արդյունքներով պատրաստված զեկուցում նշվում է, որ պետք է թույլ տալ «Աբդուլլահ Օջալանին մյուս բանտարկյալների պես հավասարապես օգտվել առավոտյան վարժություններից»: Բացի այդ` զեկույցում ընդգծվում է, որ պետք է հնարավորություն տալ Օջալանին հեռախոսով շփվել ընտանիքի անդամների հետ (հեռախոսազրույցները կարող են վերահսկվել և անհրաժեշտության դեպքում՝ ընդհատվել):
Կոմիտեն անընդունելի է համարում այն, որ Աբդուլլահ Օջալանը արդեն 240 օր է, ինչ մեկուսի բանտարկության մեջ է: CPT-ի կարծիքով՝ մեկուսի բանտարկության ռեժիմը պետք է ընդհատումներով լինի և չգերազանցի 14 օրը:
Զեկույցն ընդգծում է փաստը, որ 2011թ. հուլիսի 27-ից Աբդուլլահ Օջալանին հնարավորություն չի տրվել հանդիպել իր փաստաբանների հետ:
Զեկույցի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում առ այն, որ Աբդուլլահ Օջալանի փաստաբաններին չի թույլատրվում այցելել բանտ: Հարցը 2012թ. փետրվար և հունիս ամիսներին քննարկվել է CPT-ի և թուրքական իշխանությունների միջև բարձր մակարդակի հանդիպումներում:
«Պարզվել է, որ թուրքական կառավարության կողմից որոշում է ընդունվել կանխել Աբդուլլահ Օջալանի և նրա փաստաբանների հանդիպումները, քանի որ համարվել է, որ Օջալանը պարբերաբար չարաշահել է փաստաբանի հետ հանդիպում ունենալու իր իրավունքը»,- ասված է զեկույցում: Միաժամանակ կոմիտեն կոչ է անում թույլատրել Աբդուլլահ Օջալանին «առավոտյան վարժությունների ժամանակ շփվել Իմրալըի այլ բանտարկյալների հետ»: