Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները դրվել են Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի (ԵՊՃՇՀ) ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի վրա: Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Արմեն Աշոտյանի հրամանով միաժամանակ` ԵՊՃՇՀ ռեկտորի պաշտոնում դադարեցվել են Հովհաննես Թոքմաջյանի լիազորությունները:

Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011թ. հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

Արա Ավետիսյանը Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 17-ին: Որպես որոշման հիմնական պատճառ նա նշել էր մի քանի ամիս առաջ բուհում ծագած սկանդալը` կապված դասախոսների աշխատանքից ազատման և աշխատավարձերի կրճատման հետ:

Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` Արա Ավետիսյանը պաշտոնը լքել է բուհում վերստուգիչ հանձնաժողովի` վերջերս կատարած ուսումնասիրությունների պատճառով, որոնց արդյունքում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել:

Հովհաննես Թոքմաջյանը 1993-1995 թթ. եղել է Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն, 1995-1999 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1995-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության վարչության պետի պաշտոնը: 2001-2002 թթ. եղել է ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ-ի խորհրդական` ջրային օրենսդրության բարեփոխումների հարցերով: Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերություն նախագահն է, ինչպես նաև Հայաստանում ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահը:

2013թ. մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Մեկնաբանել