Ստեղծվում է պայմանագրային սերժանտական համակարգ

Կառավարությունը մարտի 19-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը, ըստ գործադիրի, պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:

Պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Մեկնաբանել