Իվանիշվիլին հիասթափվել է Մարգվելաշվիլիից և խզել նրա հետ ոչ պաշտոնական հարաբերությունները

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշակիորեն հիասթափվել է ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիից: Այս մասին նա ասել է մարտի 18-ին «Իմեդի» հեռուստաալիքի «Քաղաքականություն» հաղորդման շրջանակում, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

«Ես որոշակիորեն հիասթափված եմ: Չեմ թաքցնի՝ ես ավելին էի սպասում: Արդեն առաջին երկու ամիսներին ընտրված նախագահի հետ ես բավական շատ բանավեճեր եմ ունեցել: Բացի այդ՝ մեր միջև բավական շատ տարաձյանություններ են եղել: Ընտրություններից հետո նրա բնավորության սկզբունքորեն նոր որակներ և հատկանիշներ են դրսևորվել»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ Մարգվելաշվիլիի հետ չունի ոչ պաշտոնական հարաբերություններ, քանի որ իրենք երկուսն էլ որոշել են, որ չկա դրա անհրաժեշտությունը:

Ըստ Իվանիշվիլիի՝ Մարգվելաշվիլիի հետ իր հարաբերությունների խզման պատաճառներից մեկն այն է, որ Մարգվելաշվիլին մասնակի օգտագործում է նախագահի՝ Հավլաբար թաղամասում գտնվող նստավայրը՝ չնայած որ ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ օգտագործել այն: Անցած շաբաթ նա այնտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողություն՝ դա պայմանվորելով հանգամանքով, որ իր ներկայիս նստավայրը նման արարողությունների անցկացման համար հարմարավետ չէ:

Մյուս պատճառն այն է, որ Մարգվելաշվիլին իր արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական է ընտրել Վանո Մաչավարիանինին, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Միխայիլ Մաչավարիանիի եղբայրն է:

Իվանիաշավիլին ընդգծել է, որ նախագահի հետ իր տարաձայնությունները ողբերգության համար առիթ չեն, և նախագահը իրականացնում է իր գործառույթները և անում է այն, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ:

Իվանիշվիլին, որը վարչապետ էր դարձել 2011թ. հոկտեմբերի խորհդարանական ընտրություններում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո, պաշտոնից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո: 2014թ. փետրվարին նա հիմնել է «Քաղաքացի» հասարակական կազմակերպությունը:

Մեկնաբանել