Սարսափելի է մտածել, որ Ադրբեջանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում. Լրագրողներ առանց սահմանների

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատել է «Ենի Մուսավաթ», «Ազադլիգ», «Բիզիմ յոլ» թերթերի վերլուծաբան Թոֆիգ Յաքուբլուին 5 տարի ազատազրկման դատապարտելու որոշումը՝ Իսմայիլիում անկարգությունների կազմակերպման գործով: «Յաքուբլուի ազատազրկումը քաղաքական հետապնդման ակտ է»,- ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը՝ ընդգծելով, որ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում Յաքուբլուի մեղքի ապացույցներ չեն հայտնաբերվել:
«Ցնցում է այն, որ նման կեղծ հետաքննությունը և արդարադատությունը տեղի է ունենում երկրում, որը պետք է նախագահի Եվրոպայի խորհրդում»,- ասել է Բիրը՝ նշելով, որ Յաքուբլուի դատավաճիռը պետք է չեղյալ հայտարարվի, և բոլոր մեղադրանքները պետք է հանվեն:
Կազմակերպության հայտարարության մեջ ասված է, որ Յաքուբլուի ձերբակալության իրական պատճառը կառավարության դեմ նրա քննադատական ռեպորտաժներն են: Ադրբեջանի իշխանությունները, ըստ թերթի, շարունակում են ճնշում գործադրել լրագրողների և բլոգերների նկատմամբ: Ադրբեջանը կազմակերպության մամուլի ազատության 2014-ի ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցերել է 160-րդ տեղը: Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահելու է 2014թ. մայիսից մինչև նոյեմբեր:

Մեկնաբանել