ԼՂՀ վարչապետը ողջունելի է համարում Ղրիմի ինքնորոշումը

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «ընդհանուր առմամբ ողջունելի է համարում ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը»: ԼՂՀ վարչապետը նման հայտարարություն է արել Քարվաճառի շրջան կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով Ղրիմի հանրաքվեի համատեքստում ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին:

ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը նաև նշել է, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: «Հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները՝ մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով»,- ասել է ԼՂՀ վարչապետը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի Ինքնավարության և Սևաստոպոլ քաղաքի ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:

Մեկնաբանել