Սուրիկ Խաչատրյանը խեղաթյուրում է փաստերը. Հայկ Ալումյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013թ. հունիսի 1-ին իր առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերը նկարագրում է իր տեսանկյունից` խեղաթյուրելով շատ փաստեր. մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի վերջին հայտարարություններին և Բուդաղյանների գործի ներկայիս ընթացքին:

Հայկ Ալումյանի խոսքով` Սուրիկ Խաչատրյանը յուրովի է ներկայացնում իր ավտոմեքենայում տեղի ունեցածը` նշելով, որ բռնություն չի եղել, և Ավետիք Բուդաղյանին իջեցրել են ավտոմեքենայից, քանի որ վերջինս իրեն պատշաճ չի պահել: Սա, ըստ փաստաբանի, «տրամագծորեն հակասում է իրականությանը»:

«Իրականում Ավետիք Բուդաղյանի նկատմամբ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել բռնություն, նրան վիրավորել են և հարվածել, իսկ վիճաբանության հիմքում, ըստ Բուդաղայանների, եղել է տնտեսական խնդիր, թե ինչու Բուդաղյաններն առանց մարզպետի հետ համաձայնեցնելու անկախ բիզնես են իրականացնում,- ասաց փաստաբանը: -Սուրիկ Խաչատրյանն իր նախաքննական ցուցմունքում ընդունում է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածել են ավտոմեքենայում, թեև այդ բեռը դնում է իր թիկնապահի վրա, ինչն այդքան էլ տրամաբանական չէ: Հաշվի առնելով, որ Խաչատրյանն ու Բուդաղյանը նստած են եղել մեքենայի հետին նստատեղում, իսկ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը` առջևի: Զարզանդ Նիկողոսյանն ընդունում է, որ հարվածել է Բուդաղյանին, սակայն հազիվ թե թիկնապահը որևէ բան իր նախաձեռնությամբ աներ»:

Անդրադառնալով Ավետիք Բուդաղյանի օրգանիզմում հայտնաբերված ալկոհոլի փաստին` Ալումյանը նշեց, որ այդ օրվա իրադարձություններին նախորդել է ճաշկերույթ, և «չի բացառվում, որ տղամարդիկ ալկոհոլ օգտագործած լինեն»: Փոխարենը նա հիշատակեց Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտնաբերված թմրանյութերի առկայությունը, որի մասին քննչական մարմինը մինչև այժմ որևէ մեկնաբանություն չի տվել:

Բուդաղյանների փաստաբանը հիշեցրեց, որ ըստ Սուրիկ Խաչատրյանի` փորձաքննությունը ցույց է տվել, որ հրազենային բոլոր վնասվածքները կատարվել են միևնույն զենքից, ինչը, ըստ Ալումյանի, նունպես չի համապատասխանում իրականությանը, «քանի որ փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակոցներն արվել են տարբեր տրամաչափի փամփուշտներով»:

Ալումյանը նաև մեկնաբանեց Արտակ Բուդաղյանի լռության շահարկումը: Նրա խոսքով` «Արտակը երբեք չի հրաժարվել ցուցմունքներից և մշտապես համագործակցել է, իսկ չի ցանկանում խոսել լրագողների հետ, քանի որ չի կարող սառնասրտորեն պատմել դեպքի մանրամասները»:

Ալումյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 21-ին` ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանը կքննի իր ներկայացրած բողոքն առաջին ատյանի որոշման դեմ, որով կասեցվել էին Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշման դեմ բողոքները: Նախկին մարզպետի որդու և թիկնապահի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը բողոքարկվել էր նախ դատախազին, ապա դատարանում, որտեղ բողոքի քննությունը կասեցվել էր` քննիչի դեմ «անհաղթահարելի ուժի» առկայության պատճառաբանությամբ:

2013թ. հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել էին Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, իսկ Արտակ Բուդաղյանի դեմ սպանության սպառնալիքի հատկանիշով գործ էր հարուցվել:

2013թ. սեպտեմբերի 7-ին ՊՆ քննչական ծառայությունը որոշում ընդունեց, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին և նրանց ազատ արձակեց:

Մեկնաբանել