Ուկրաինայի ազգայնական «Սվոբոդա» կուսակցության խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ է անում հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից այն բանի համար, որ այս երկրներն աջակցել են Ղրիմում կարգավիճակի հարցով անցկացված հանրաքվեի արդյունքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը, Տյագնիբոկը հայտարարել է Գերագույն ռադայի մարտի 20-ի նիստին։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ երկրներ սկսել ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին Ղազախստանից և Հայաստանից»,- նշել է նա։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի և Սևաստոպոլ ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:
Մարտի 20-ին լրագրողների հետ էր հանդիպել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը Ղրիմի հանրաքվեի հարցում` նա նշել էր, որ տեղյակ է և´ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և´ ԱԳՆ-ի դիրքորոշումից` հավելելով, որ «յուրաքանչյուր պետություն իրավունք ունի հայտնելու իր դիրքորոշումը»: