Ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության հետ 2015թ. վագոնաշինական համատեղ ձեռնարկություն կհիմնի: Այս մասին հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» ընկերության նախագահ Օլեգ Սինեկոն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: «Մտադիր ենք Ադրբեջանում վագոնաշինական գործարան հիմնել տարեկան 2 հազ. միավոր շարժակազմով: Ադրբեջանում դրա կայուն պահանջարկ կա: Ավելին՝ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Կարսով երկաթուղի կառուցել Վրաստանից դեպի Թուրքիա, հետևապես բեռնափոխադրումների հոսքը կմեծանա, այդ թվում՝ տարանցիկ բեռների: Պարկը հնացել է, և անհրաժեշտ է տարեկան 1500 վագոն փոխել»,- ասել է Սինեկոն:
Նրա խոսքով՝ ստեղծվելիք ընկերությունում ադրբեջանական կողմի հետ մասնաժինը կկիսվի՝ 50%-50%: Յուրաքանչյուր կողմի ներդրումը կկազմի €20-30 մլն եվրո: Գործարանը կսկսի աշխատել 2015թ. և միանգամից՝ նախագծային հզորությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել էր, որ գործարանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում շվեյցարական Stadler ընկերության հետ: Այս տարի հունվարին «Ադրբեջանական երկաթուղիների» մամուլի քարտուղար Նադիր Ահմեդովը հայտարարել է, որ գործարանը կստեղծվի Ադրբեջանի վագոնային դեպոյի հիման վրա: Համատեղ ձեռնարկությունը կապահովի ոչ միայն նոր ժամանակակից վագոնների արտադրություն, այլև` հների կապիտալ վերանորոգում: