Եվրամիության անդամ երկրների ղեկավարների Բրյուսելում մարտի 20-21-ը ընթացող գագաթաժողովին Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերը 2014թ. հունիսից ոչ ուշ ստորագրման մասին որոշում է ընդունվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
«ԵՄ-ն վերահաստատում է Վրաստանի և Մոլոդովայի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ամրապնդման ձգտումը: Մենք վերահաստատում ենք մեր նպատակը 2014թ. հունիսից ոչ ուշ Վրաստանի ու Մոլդովայի հետ ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման, որը նախաստորագրվել է անցած տարի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովին»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թբիլիսին և Բրյուսելը մտադիր են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել օգոստոսին: Մարտի 20-ին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, և մինչ մարտի վերջ կավարտվեն նաև փաստաթղթի տեքստի վրա աշխատանքները: