Fitch-ը և Standard&Poor’s-ը վերանայել են Ռուսաստանի վարկանիշը «կայուն»-ից «բացասական»-ի

Միջազգային Fitch վարկանշային գործակալությունը իջեցրել է Ռուսաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ռուսաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատվել է BBB մակարդակում, կարճաժամկետ վարկանիշն օտարերկրյա արժույթով՝ F3 մակարդակում:

«Վարկանիշի կանխատեսման վերանայումը արտացոլում է Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների՝ տնտեսության և գործարար միջավայրի համար պոտենցիալ հետևանքները: 2013թ. Ռուսաստանի տնտեսական աճը դանդաղել է մինչև 1,3%, ներդրումների ծավալները նվազում են: Հաշվի առնելով հանգամանքը, որ ամերիկյան և եվրոպական բանկերը, ինչպես նաև ներդրողները հնարավոր է՝ Ռուսասատանին դժկամությամբ կվարկավորեն, ստեղծված իրավիճակում տնտեսական աճը կշարունակի դանդաղել, և մասնավոր սեկտորին անհրաժեշտ կլինի պետության աջակցությունը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ըստ Fitch-ի՝ օտարկրյա ներդրողները կարող են սահմանափակել ռուսական ընկերությունների մատչումը արտաքին ֆինանսավորմանը, և իրադրության զարգացման պայմաններում հնարավոր է՝ ԱՄՆ-ը արգելի ֆինանսական ինստիտուտներին աշխատել ռուսական բանկերի և կորպորացիաների հետ:

Գործակալության փորձագետները նշում են, որ ռուսական թողարկողները կկարողանան հաղթահարել արտաքին ֆինանսավորման ներգրավման հետ կապված դժվարությունները, եթե պատժամիջոցների հետ կապված խնդիրները տևական չլինեն: «2014թ. մարտից մինչև դեկտեմբեր, ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, ռուսական կորպորացիաներին անհարաժեշտ կլինի մարել 67 մլրդ դոլարի, բանկերին՝ 36 մլրդ դոլարի պարտքեր: Եթե ընկերությունները չկարողանան բավարարել ֆինանսական շուկաներում իրենց պահանջարկը, Ռուսաստանի իշխանություննները կարող են դիմել իրացվելիության մակարդակի խթանմանը արժութային պահուստային միջոցների, ինչպես նաև պետական բանկերի և պահուստային ֆոնդերի միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների պոտեցնիալ տնտեսական և ֆինանսական հետևանքները՝ միջազգային մեկ այլ հեղինակավոր վարկանշային գործակալություն՝ Standard&Poor’s-ը, ևս վերանայել է Ռուսաստանի սուվերեն վարկանիշների կանախատեսումը՝ «կայուն»-ից «բացասական»-ի: S&P-ն Ռուսաստանի վարկանիշը վերջին անգամ վերանայել էր 2008թ. դեկտեմբերին:

Մեկնաբանել