ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը 12-ով ընդլայնել է ռուսաստանցիների ցուցակը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցներ՝ «կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ»։

Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարվել է Բրյուսելում մարտի 20-ին՝ ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով։

Բացի այդ՝ Եվրմիությունը հետաձգել է հունիսի 3-ին ծրագրված Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի անցկացումը, իսկ Եվրամիության անդամ երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ երկկողմ գագաթաժողովներից, հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը։

Ընդյալնված «սև ցուցակը», որը ընդհանուր կներառի 33 մարդու, կհրապարկվի մարտի 21-ին, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակը մեծապես համընկնում է ամերիկյանի հետ։

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովին առաջարկվել է նախապատրաստել Ռուսաստանի նկատմամբ ավելի ընդլայն տնտեսական պատժամիջոցներ ճգնաժամի սրման դեպքում։

Եվրամիությունը մարտի 17-ին արդեն սահմանել էր պատժամիջոցներ Ռուսաստանից և Ուկրաինայից 21 պաշտոնատար անձնանց նկատմամբ․ դրանք ներառում են Եվրամիության տարածք մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում։

Մարտի 20-ին՝ ավելի վաղ, ԱՄՆ-ը, որը մարտի 17-ին նույնպես պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանից և Ղրիմից 11 պաշտոնատար անձանց նկատմամբ, ևս հայտարարել էր, որ 20-ով ընդլայնում է ռուսաստանցիների ցանկը, որոնց վրա տարածվում են վիզային և ֆինանսական պատժամիջոցները։

Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը մարտի 20-ին հրապարակել էր ամերիկացի ինը պաշտոնատար անձանցից և Կոնգրեսի անդամներից կազմված ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվում է։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հռչակագիր «Ուկրաինայի ազատգրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել