Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է հաշվեհամար բացել «Ռոսիյա» բանկում, որի նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 20-ին պատժամիջոցներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունից։
«Ինչ վերաբերում է ֆինանսական հաստատությանը, որքան ես հասկանում եմ, դա միջին բանկ է»,- հայտարարել է Պուտինը մարտի 21-ին՝ Անվտանգության խորհրդի նիստին՝ լսելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զեկուցումը ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ։ «Ես անձամբ այնտեղ հաշվեհամար չունեի, սակայն անպայման երկուշաբթի [մարտի 24] հաշվեհամար կբացեմ այնտեղ»,- խոստացել է Ռուսաստանի նախագահը։
Նա նաև կարգադրել է, որ իր աշխատավարձը փոխանցեն «Ռոսիյա» բանկ, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պուտինը ընդգծել է, որ ֆինանսական այս հաստատության հաճախորդները, պայմանավորված նրա՝ պատժամիջոցների ցուցակում ներառվելու փաստով, չպետք է տուժեն։
Մարտի 20-ի երեկոյան ԱՄՆ-ը և Եվրամիությունը հայտարարել էին, որ ընդլայնում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակները։ ԵՄ-ի ցուցակում հայտնված մարդկանց անուններն առայժմ հայտնի չեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Միացյալ Նահանգների նոր ցուցակում ընդգրկվել է 20 մարդ և «Ռոսիյա» բանկը։ Մարդկանց, որոնց հաշիվները կսառեցվեն և որոնց մուտքը ԱՄՆ կարգելվի, ցանկում պաշտոնյաներից բացի՝ հայտնվել են հայտնի գործարարներ, որոնք համարվում են Պուտինի հետ մտերիմ՝ Յուրի Կովալչուկը («Ռոսիյա» բանկի տնօրենների խորհրդի նախագահն է, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում համարում են, որ Կովալչուկը ռուս մի շարք պաշտոնյաների և նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական բանկիրն» է), գործարարներ Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, որի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են, քանի որ նրա գործողությունները էներգետիկ հատվածում անմիջականորեն կապված են Պուտինի հետ, կարծում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։
Մարտի 21-ի Անվտանգության խորհրդի նիստին Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա Վաշինգտոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից, ինչպես նաև չի շտապի Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների հարցում։ Մարտի 19-ի երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարարությանը հանձնարարվել է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի ուշ հայտարարեց, որ կառավարությունը չի շտապի Ռուսաստանի համար վիզաների սահմանման հարցում։
Մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր ամերիկացի ինը պաշտոնատար անձանցից և Կոնգրեսի անդամներից կազմված ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվում է։
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռուսական բանկերը պատժամիջոցների պատճառով քարտերի հետ կապված խնդիրներ ունեն։
Արկադի և Բորիս Ռոտենբերգներին ենթակա «ՍՄՊ» բանկը հաստատել է, որ Visa և MasterCard միջազգային վճարումների համակարգերը արգելափակել են բանկի քարտերով գործողությունները։
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ Ուֆայում «Ինվեստկապիտալբանկը», որը վերահսվում է Ռոտենբերգների կողմից, նույնպես խնդիրներ ունի՝ Visa և MasterCard միջազգային վճարումների համակարգերի՝ բանկի թողարկած քարտերը առևտրի ցանցերում չեն ընդունվում։
Բանկային քարտերի սպասարկման հնարավոր խափանումների մասին հայտնել է նաև «Սոբինբանկը», որը պատկանում է «Ռոսիյա» բանկին։
Մարտի 21-ին՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Visa և MasterCard միջազգային վճարումների համակարգերը դադարեցրել են ծառայությունների մատուցումը «Ռոսիյա» բանկի հաճախորդներին