Մարտի 22-ին Խանտի Մանսիյսկում ընթանում են Հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի (8-րդ տուր) հանդիպումները։
Ինչպես առաջին շրջանի դեպքում, երկրորդում ևս Լևոն Արոնյանը մեկնարկել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղով, հաղորդում է Armsport.am-ը։ Սա այս շրջափուլի կենտրոնական դիմակայությունն է եղել, քանի որ միմյանց հետ ուժերն էին չափում մրցաշարի երկու առաջատարները (երկուսն էլ, նախքան, մրցախաղը վաստակել էին 4.5 միավոր)։
Ի տարբերություն ստուգատեսի մեկնարկի, որում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել էր հնդիկ շախմատիստին, այս անգամ հայ գրոսմայստերը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով։ Պարտիան սպասվածից անհետաքրքիր է ստացվել և հանգուցալուծվել 19-րդ քայլին՝ կողմերի խաղաղ դաշինքով։ Մրցակիցները, փաստորեն, ռիսկի չեն դիմել:
Ներկայում Արոնյանն ու Անանդն ունեն հավասար՝ 5-ական միավոր [Արոնյանը վարկանիշով առաջին հորիզոնականում է], և Կրամնիկի այսօրվա հաղթանակի դեպքում՝ ռուս գրոսմայստերը կարող է հավասարվել նրանց և եռիշխանություն հաստատել մրցաշարային աղյուսակում։
«Չափից մեծ սթրես ապրեցի պարտիայի մեկնարկին, դա էլ դարձավ հիմնական պատճառը, որ համաձայնեցի կրկնել քայլերը»,-ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է Արոնյանը։
8-րդ տուրի շրջանակում ներկայում շարունակում են միմյանց հետ մրցել հետևյալ զույգերը՝ Կրամնիկ – Անդրեյկին, Սվիդլեր – Կարյակին, Տոպալով – Մամեդյարով:
Հաջորդ՝ 9-րդ տուրում, Արոնյանը սևերով մրցելու է Մամեդյարովի հետ։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: