Մարտի 23-ին Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրի շրջանակում Լևոն Արոնյանը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, հաղորդում է Armsport.am-ը:
Մրցակիցները ստուգատեսի առաջին շրջանում (երկրորդ տուրում) արդեն հանդիպել էին միմյանց հետ, որում սպիտակներով առավելության էր հասել հայ գրոսմայստերը։ Այս անգամ, Լևոնը, ով հանդես էր գալիս սև խաղաքարերով, ցավոք, անհաջող է անցկացրել պարտիան և զիջել է ադրբեջանցուն՝ 44-րդ քայլին։ Մամեդյարովը, վաստակելով 4,5 միավոր, այս պահի դրությամբ հավասարվել է երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին։ Արոնյանն Անանդի հետ հավասար՝ 5 միավոր ունի, սակայն աշխարհի նախկին չեմպիոնի պարտիան ընթացքի մեջ է ներկայում։
Մինչ այդ, 9-րդ տուրում, առաջինն ավարտվել է Անդրեյկին-Սվիդլեր պարտիան, որում ոչ-ոքի է գրանցվել. ռուս գրոսմայստերները ներկայում ունեն 4-ական միավոր։ Մնացած խաղատախտակների առջև միմյանց հետ մրցում են՝ Անանդ-Տոպալով և Կարյակին-Կրամնիկ զույգերը։
Մարտի 24-ին մեկօրյա ընդմիջում է մրցաշարում։