«Սիրիացի ժողովուրդը շատ է տառապել: Ժամանակն է, որ սիրիացիներին իրենց շահերի զոհ դարձրած երկրները ընդունեն իրենց ձախողումները, դադարեցնեն միջամտությունը Սիրիայում և թույլ տան, որ այս ժողովուրդը ինքնուրույն վճռի իր ապագան»,- գրում է Վարդան Օսկանյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական հոդվածն է գրել «Ալ Ջազիրա»-ի համար, որը վերնագրված է «Սիրիա. այժմ հրադադար»: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
Հալեպում մի հին ասացվածք կա՝ եթե քեզ թվում է, թե հասկանում ես արաբական քաղաքականությունը, նշանակում է, որ այն քեզ լավ չեն բացատրել:
1998թ. նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Դամասկոսում էի, հանդիպեցի նախագահ Հաֆեզ Ասադի հետ: Իսկ 2006-ին, կրկին պաշտոնական այցով Սիրիայում գտնվելիս, հանդիպում ունեցա նրա որդու՝ նախագահ Բաշար Ասադի հետ: Երկուսի միջև տարբերությունն ակնհայտ էր: Հայր Ասադը կայունության ու ստատուս քվոյի մարմնավորումն էր, հիմնաքարը, որի վրա հենվում էր պաղեստինյան պետության համար և Արևմուտքի իմպերիալիստական նկրտումների դեմ պայքարող արաբական աշխարհը: Այս բարձր իդեալները բավական էին արդարացնելու ընդդիմության և այլակարծության բռնի ճնշումը: Ասադ Կրտսերը կողմնակից էր չափավոր, բաց և ազատ սիրիական հասարակությանն անցնելուն: Այս իդեալներն այնքան ցանկալի էին, որ շատերը նրան հավատացին՝ լինելով համբերատար և ներողամիտ՝ այնպես որ, նա կարողանա հաղթահարել «հին կարգի պահապանների նկատմամբ եղած հակազդեցությունը»:
Սա եմ մտապահել երկու այս մարդկանց և այդ այցերի ընթացքում այլ անձանց հետ իմ հանդիպումներից:
Այս ամիս լրանում է Սիրիայի՝ Հորդանանի հետ սահմանին գտնվող Դարաա ծայրամասային քաղաքում սկսված ապստամբության երրորդ տարին: Այդ ժամանակից ի վեր այն տարածվել է դեպի երկրի բոլոր հնարավոր անկյունները՝ իր հետևից թողնելով մահ, ավերածություն և քաոս. անթիվ վիրավորներ, 150 հազ. սպանված, տասն անգամ շատ փախստական և միլիոնավոր տեղահանված ու հուսալքված մարդիկ:
Բոլորին հուզող հարցն է՝ կվերջանա՞ արդյոք այս մղձավանջը: Այս հարցին պատասխանելու համար պետք է ուսումնասիրել այս հակամարտության բնույթը/էությունը/անատոմիան: Արդյոք այս կոնֆլիկտի ծագման պատճառները դեռ էակա՞ն են, ովքե՞ր էին այն ժամանակ գլխավոր խաղորդները և ովքե՞ր են նրանք այսօր, ի՞նչ շահերի բախում կա այսօր, և ի՞նչ է պետք անել առաջ շարժվելու համար:
Սիրիական հակամարտության սկզբնավորման և բռնկման երեք գործոն կա: Առաջինը՝ Արաբական գարնան համընդհանուր ոգին ու մթնոլորտն էր: Սիրիան չէր կարող խուսափել այն ալիքից, որը բարձրացավ 2010-ի դեկտեմբերին Թունիսում: Երկրորդ՝ երկրում սուննի մեծամասնության շարքերում խոր դժգոհությունն ու հիասթափությունն էր: Փոքրամասնություն կազմող մի խումբ ալևիների 40 տարվա ավտորիտար խիստ վարչակարգը թողել էր խոր սպիներ, և փոփոխության ցանկացած հնարավորություն, անգամ ամենամեծ գնով, անշուշտ պետք է լրջորեն օգտագործվեր:
1980-ականների սկզբին Համա քաղաքում արված նման փորձը դաժանաբար ճնշվեց հայր Ասադի կողմից՝ արժանանալով միջազգային հանրության նվազագույն քննադատությանը: Երրորդ՝ Սիրիայում վարչակարգի փոփոխության հարցում համաշխարհային և տարածաշրջանային գլխավոր ուժերի շահերի համընկնումն էր: Իրան-Հեզբոլլահ-Սիրիա-Իրաքի շիաներ առանցքը վերածվեց ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ խնդրի ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների, ինչպես նաև Իսրայելի, Թուրքիայի և Ծոցի երկրների՝ առավելապես Սաուդյան Արաբիայի համար:
Հակամարտությունն սկսվելուց երեք տարի անց այդ պայմաններից և ոչ մեկը նույնը չէ: Ընդհակառակը: Արաբական գարնան արթնացնող և գոտեպնդող ոգին ոչ միայն հօդս է ցնդել, այլև վերածվել է տառապանքի բոլոր նրանց համար, ովքեր նախկինում ոգևորված և խանդավառ էին: Թունիսից մինչև Եգիպտոս զանգվածները դեռ նոր պիտի փոփոխություն զգան իրենց կենսամակարդակում և անվտանգության, ազատության ու ազատագրման աստիճանում:
Եթե այսօր Սիրիայում երկընտրանք լիներ՝ Ասադի գլխավորությամբ անմիջական անվտանգության, խաղաղության, կայունության և անորոշ ապագայով տևական հակամարտության միջև՝ նույնիսկ Ասադի հեռացման երաշխիքով, անգամ ամենահուսալքված սուննին թերևս ընտրեր առաջին տարբերակը:
Վերջին ու կարևորագույն հանգամանքն այն է, որ փոխվել է համաշխարհային և տարածաշրջանային ուժերի՝ իրադրությունը գլոբալ, տարածաշրջանային և ներքին տեսանկյուններից գնահատելու ձևը: Ի սկզբանե նրանք սխալվել էին Ասադի վարչակարգի տապալման արագության և դյուրինության իրենց հաշվարկներում: Ասադի վարչակարգի, Ռուսաստանի և Իրանի (Հեզբոլլահի հետ մեկտեղ) վճռականությունը գերազանցեց Արևմուտքի անվստահ աջակցությանն ու թերամշակված քաղաքականությանը:
Ավելին՝ ահաբեկչական կազմակերպությունների ներթափանցումն ու տարածումը Սիրիայում ներկայում դիտարկվում է որպես սպառնալիք ավելի շուտ Արևմուտքի շահերի, քան Ասադի վարչակարգի համար: Եվ վերջապես, Իրանի՝ իր միջուկային ծրագրի հարցում դիրքորոշման փոփոխությունը և հույսը, որ հակաիրանական տրամադրություններն ընդունելի կերպով կվերափոխվեն, փոքր-ինչ թուլացնում են տարածաշրջանում շիաների գերակայության վտանգը:
Իմ մանկության օրրան Հալեպում մի ասացվածք կա, որը լավագույնս բնութագրում է մերձավորարևելյան քաղաքականության ու հասարակությունների խճողվածությունը. «Եթե քեզ թվում է, թե հասկանում ես արաբական քաղաքականությունը, նշանակում է, որ այն քեզ լավ չեն բացատրել»: Սիրիայում այսօր առկա իրավիճակը՝ իրար վրա ազդող բազմաթիվ գործոններով, որոնք հաճախ համընկնում են, հաճախ՝ հակասում, փաստում են այս ասացվածքի ճշմարտությունը:
Սիրիական հակամարտության առաջին օրվանից դրա ավարտի երեք հնարավոր սցենար էր ի հայտ եկել՝ Ասադի վարչակարգը բացարձակ հաղթանակ կտանի, ընդդիմադիրներն անվերապահ հաղթանակ կտանեն, Ասադի վարչակարգն այնքան թուլացած կլինի, որ հնարավոր է բանակցությունների միջոցով անցումային կառավարության ստեղծումը, որն ի վերջո կհանգեցնի վարչակարգի փոփոխության:
Այս սցենարներից յուրաքանչյուրի կենսունակությունը վերջին երեք տարում փոխվել է՝ պայմանավորված Սիրիայում և նրա սահմաններից դուրս հանգամանքներով: 2011թ. դեկտեմբերից անմիջապես հետո, երբ Դամասկոսի սրտում՝ երկրի հետախուզական գործակալությունում, պայթյունից զոհվեց 44 մարդ (ապստամբության սկզբից ի վեր մահապարտի մասնակցությամբ առաջին հարձակումն էր), վարչակարգի տապալումը թվում էր՝ ժամանակի հարց է: Ժնևի բանակցություններից առաջ տպավորություն կար, որ բանակցությունների արդյունքում ինչ-որ արդյունքի հասնելը հնարավոր է: Այսօր՝ Յաբրուդի նվաճումից հետո, թվում է՝ հավասարակշռությունը խախտվել է Ասադի օգտին: Նժարի տատանումները կարող են շարունակվել:
Սիրիացի ժողովուրդը շատ է տառապել: Ժամանակն է, որ սիրիացիներին իրենց շահերի զոհ դարձրած երկրները ընդունեն իրենց ձախողումները, դադարեցնեն միջամտությունը Սիրիայում և թույլ տան, որ այս ժողովուրդը ինքնուրույն վճռի իր ապագան:
Վարդան Օսկանյանի մյուս հոդվածները «Ալ Ջազիրա»-ի համար՝
Հայաստանին և Ուկրաինային պետք չէ պարտադրել ընտրություն կատարել,
Չարագույժ զուգահեռներ Երկրորդ աշխարհամարտի հե՞տ: