Հայաստանի իշխանությունը՝ մահաքունի մեջ

Մարտի 21-ին Թուրքիայից զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա, որի հետևանքով Քեսապից 600 հայ ընտանիք տարհանվել է և ապաստան գտել Լաթաքիայում: Հայկական ազգային պետություն չլինելու դեպքում միգուցե բնական ընկալվեր, որ Ցեղասպանություն տեսած հայերը հերթական անգամ ֆիզիկական անվտանգության ապահովման և աջակցության առումով ապավինում են օտար պետություններին: Սակայն Հայաստանի Հանրապետության առկայության պայմաններում նման իրավիճակը մեծ ամոթ է ՀՀ իշխանությունների համար:

Քեսապի դեպքերից գրեթե երեք օր անց պաշտոնական Երևանը որևէ կերպ չէր արձագանքում քեսապահայության հետ կատարվող իրադարձություններին: Հանգստյան օրերը չպետք է խանգարեին, որ, օրինակ, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվեր` Քեսապի հայության խնդրի հետ կապված, երկրի նախագահը խորհրդակցություն անցկացներ արտգործնախարության և հատուկ ծառայությունների հետ՝ քննարկելու Հայաստանի հնարավոր գործողությունները քեսապահայերին օգնելու ուղղությամբ:

Միայն մարտի 24-ի երեկոյան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Քեսապի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ: Նման հրատապ խնդրին արձագանքելու համար մի՞թե երեք օր էր պահանջվում:

Ինչպես իր հայտարարության մեջ վստահեցնում է Սերժ Սարգսյանը, «Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսապահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով», ինչպես նաև` Հայաստանն այս հարցով աշխատանքներ է տանում միջազգային ատյաններում: Եթե նույնիսկ նման աշխատանքներ կատարվում են, արդյոք ճիշտ չէ՞ր ավելի վաղ պաշտոնական որևէ հաղորդագրություն տարածվեր, որպեսզի համայն հայության մոտ Հայաստանի վերաբերյալ «ուղտի ականջում քնածի» տպավորություն չստեղծվեր, իսկ քեսապահայերը Հայաստանի կողմից անտեսված ու լքված չզգային: Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները քեսապահայության խնդիրներով սկսել են զբաղվել բավականին ուշ` մինչ այդ որդեգրելով կրավորական կեցվածք:

Պաշտոնական Երևանը պարտավոր էր օպերատիվ կերպով արաձագանքել քեսապահայության շուրջ ստեղծված իրավիճակին:

Պատական չէ, որ ՀՀ իշխանությունների հասցեին նախքան Սերժ Սարգսյանի հայտարարությունը արդեն իսկ արդարացի դժգոհություններ են հնչել արևմտահայ մամուլում՝ դատապարտելով գործող իշխանությունների լռությունն ու պասիվությունը: «Եռագոյն» լրատվական կայքը «Հայաբնակ Քեսապը Անկում Կ’ապրի. Հայաստանեան Իշխանութիւնը Լուռ է, Մամուլը՝ Անտարբեր» խորագրի ներքո մասնավորապես գրում է. «Մահաքունի մէջ է յատկապէս հայաստանեան իշխանութիւնը, իսկ հայաստանեան մամուլի արձագանգը՝ շատ «ի միջի այլոց»… Հաւանաբար որովհետեու Կիմ Քարտաշեան Քեսապ չէ այցելած, կամ ռուական օդանաւ մը չէ, որ այնտեղ վայրէջք կատարելու ընթացքին ցնցուած է ու հայու մը քիթը վիրաւորուած։ Ե՞րբ պետական ու ազգային մտածողութիւն պիտի ունենանք, ե՞րբ միասնական պիտի դառնանք ու զատորոշենք խիստ կարևորը անկարևորէն»։

Խնդիրը Հայաստանի իշախանությունների մտածողության և աշխարհընկալման մեջ է, նրանց մոտ բացակայում է ազգային և պետական անվտանգության հայեցակարգը: Երբ իշխանության համար օրհասական խնդիր է դառնում ունեցած իշխանության պահպանման և վերարտադրման հարցը, ազգային և պետական շահերի սպասարկումը դառնում է տասներորդական խնդիր: Այդ պատճառով է, որ սեփական հայրենակիցների ֆիզիկական ոչնչացման ռեալ վտանգներին արձագանքում են ալարկոտ ձևով:

Հ.Գ. Պատմության և ճակատագրով հայերի հետ շատ ընդհանուր զուգահեռներ ունեցող հրեաների Իսրայել պետությունը հսկայական ուշադրություն է դարձնում հայրենակիցների անվտանգությանը ոչ միայն երկրի ներսում, այլև սահմաններից դուրս: Իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսադի» գործունեության հիմնական ուղղությունների ցանկի մեջ պաշտոնապես նշվում է, որ այն պետք է կանխարգելի իսրայելական և հրեական օբյեկտների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Այսինքն, Իսրայելը լեգիտիմացնում է հրեաների անվտանգության ապահովմանն ուղղված «Մոսադի» գործողությունները երկրի սահմաններից դուրս: Իսկ «Մոսադի» առաջին տնօրեն Ռեուվեն Շիլոախը ժամանակին հայտարարել է. «Իսրայելական հետախուզությունը պետք է կատարի ամբողջ աշխարահում հրեաների անվտանգության երաշխավոր դերը»:

Մեկնաբանել