Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են անդրադառնալ Հայաստանի վրա

Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, և բացասական զարգացումները Ռուսաստանի տնտեսության միջոցով կարող են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին մարտի 24-ին կայացած ասուլիսին հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը տեսականորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական աճի վրա, թեև դրանք առայժմ դրսևորվում են ընդամենը ռիսկերի տեսքով։

Անդրադառնալով 2014թ. համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսմանը՝ 4,3% , Հորթոնը նշեց, որ հաշվի են առնվել մինչև ուկրաինական դեպքերը Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումները, մասնավորապես՝ կապիտալի արտահոսքը։ Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատ չափազանց սերտ է կապված Ռուսաստանի հետ, և զարգացումներն անշուշտ անդրադառնում են Հայաստանի վրա։

Մյուս կողմից՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը ընդամենը $280 մլն է, այն դեպքում, երբ Ռուսաստանում ներքին շրջանառությունը կազմում է շուրջ $1 մլրդ և կարելի է նոր նիշաներ գտնել այդ երկրում։

Ռուսաստանը դեմոգրաֆիկ խնդիր ունի, Հայաստանից աշխատուժը Ռուսաստանում մասնագիտացում պահանջող աշխատանքներ է իրականացնում, և բացասական զարգացումները կարող են մասնավոր փոխանցումների վրա չանդրադառնալ, համոզված է Հորթոնը։

Մեկնաբանել