Ողորմածության ռեսուրսի և «կայֆավատի» մասին

«Հարսնաքարի» գործով դատավճռի տեսանյութը համացանցի այսօրվա թոփն է: Դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը ամենավերջին բառերով հայհոյում է որդու «ճանապարհին» կանգնած բոլորին` լրագրողներին, ակտիվիստներին, դատավորին` սատկեք դուք, թաղեմ ձեզ: Այսինքն, տեղ էլ չի թողնում, որ ցավակցես իրեն: Միանգամից անիծում է: Հասկանալի է, մայր է: Կարծում է, որ մարդասպան որդին ողորմածության ռեսուրս ունի: Այսինքն, ինչ եղել, եղել է, որդուս հանգիստ թողեք: Համոզված է, որ որդին ծառայել է և գործել ըստ ծառայության: Որովհետև ինքը մայր է:

Աշխարհի բոլոր մայրերը իրենց որդիների գոյության իրավունքի միակ արտահայտությունն են: Խնդիրն այն է, որ Գարիկ Մարգարյանի մայրը սպանությունից մի քանի օր հետո Վահե Ավետյանի մոր վիշտն այլևս իրենը չի համարել: Այսինքն, Վահեն չկա, ու նրա մայրը թող բավարարվի որդու հիշատակը ծխալով: Բայց ինքը` Գարիկի մայրը կամ Գարիկը հո կա՞ն: Ինքը կարծում էր, որ բոլորը դա պետք է հաշվի առնեին: Բայց ահա թե ինչը հաշվի չի առել մայրը: Որդին հենց այնպես մարդ չի սպանել: Ինքը սպանելիս մայրական գորովանքի «դոզայի» տակ չի եղել, նրա միակ դոզան եղել է Ռուբեն Հայրապետյանը: Որդին հարաբերությունների բոլորովին այլ մեկնակետ է ունեցել: Մարզահագուստով մեկը մտե՞լ է «Հարսնաքար»: Մոռացիր, որ «Հարսնաքարը» քո իշխանության դաշտն է, համարիր, որ մարդը ռեստորան է եկել իր միակ հագուստով: Եթե այդպես չես համարել, եթե կարծում ես, որ ցանկացածը պարտավոր է ժպիտի և ներողամտության փոխարեն «մռթին ուտել», որովհետև մարզահագուստը «Հարսնաքարում» բացառված է, ուրեմն մոռացիր, որ «մռթին կերցնելուց» հետո դու քո մոր հետ գտնվում ես որդիության, իսկ հասարակության հետ` ողորմածության դաշտում: Եթե Վահե Ավետյանը կյանքի գնով է վճարում մարզահագուստով ռեստորան մտնելու համար, դու էլ վճարելու ես հասարակության ողորմածության դաշտից դուրս շպրտվելու համար:

Ինչպիսի՞ մայր ես եղել: Սա է հարցը: Ինչո՞ւ են քեզ, որպես մոր հայտնի հայհոյանքներ, որոնք շատ տղամարդկանց հայտնի չեն: Ունե՞ս այս հարցերի պատասխանը: Չունես: Ինչպիսի՞ն ես տեսել քո որդուն, երբ վերջինս «բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ» տարիքում է եղել: Երբ արդարության ծարավ մարդիկ դատավճռից անմիջապես հետո արժանանում են հայհոյանքի միայն այն պատճառով, որ քո որդին նստելու է 12 տարի, ուրեմն դու որդի երբեք չես ունեցել, կին: Որովհետև քեզ թվում է, թե վաղեմության ժամկետ չունի որդիությունը, մինչդեռ մարդասպանությունը մոր համար ունի վաղեմության ժամկետ: Ոչ ոք քեզ չի ասում մայր մի եղիր, բայց ընդունիր, որ դատարանը պետք է իր խոսքն ասի, քանի որ կա մի մայր, որն արդեն որդի չունի:

Ենթադրենք, թե քո որդուն գնդակահարության էր դատապարտում ստալինյան դատարանը: Գարիկ Մարգարյանի մայրը կգտնե՞ր համապատասխան բառերը մայր լինելու համար: Արդյո՞ք բառերով է: Ոչ: Միայն բառեր շպրտելով չէ: Որովհետև ստալինյան դատարանը հազարավոր մայրերի է որբացրել, ստալինյան դատարանը որդիներին ստիպել է հրաժարվել մայրերից կամ մայրերին` որդիներից: Բայց ստալինյան դատարանի սողանցքն էր դա` հրաժարվիր որդուցդ, և նա կապրի: Դա չէ՞ բոլոր մայրերի երազանքը, որ իրենց որդին ապրի: Պիտի որ դա լինի: Վահեն իր հրեշի ժամանակակիցն էր: Նրանց արանքում կամ շուրջը ստալինիզմ չկար: Վահեին կոմունիստական գաղափարախոսությունը չի գնդակահարել, իսկ Գարիկ Մարգարյանին գաղափարախոսությունը չի դատապարտել. գաղափարախոսությունը, սակայն, խնայել է Գարիկին և ցմահի կամ 15 տարվա փոխարեն դատապարտել է 12 տարի: Դատապարտյալի մայրը ամիսը մեկ անգամ նայելու է իր որդու աչքերի մեջ, նրան «պերեդաչա» է տանելու: Չմոռանանք, ժպտալու է, «մեռնեմ քեզ» է ասելու, որովհետև հենց երկուսով մնացին մեն մենակ, լինելու են գորովագին մայր ու որդի: Բայց այլևս ի՞նչ գնով: Նման հարցերով չէ, որ Գարիկ Մարգարյանի մայրը գնացել էր դատարան: Նման հարցերով չէ, որ նա դատարանում շպրտեց. «Վահե Ավետյանի կնիկը հիմա կայֆավատ է ըլնում…»: Խորամանկ է, ընդունում եմ: Հո չէ՞ր ասելու` մայրն է «կայֆավատ ըլնում»: Դե թող հիմա էլ Գարիկի կինը «կայֆավատ ըլնի»: Բայց մենք դրա համա՞ր էինք հավաքվել դատարանի դահլիճում, կին:

Մեկնաբանել